«Ռեալը» նվաճեց Էռերայի գավաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Մադրիդի «Ռեալը» Թերեզա Էռերայի ավանդական գավաթի խաղարկության շրջանակներում ընկերական հանդիպում է անցկացրել Իսպանիայի բարձրագույն խումբ վերադարձած Լա Կորունյայի «Դեպորտիվոյի» հետ: Լա Կորունյայի «Աբանկա-Ռիասոր» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է մադրիդցիների նվազագույն հաշվով հաղթանակով։

Գոլը գրանցվել է առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45+1-րդ րոպեին, ընդ որում՝ այն ստացվել է բավականին տպավորիչ։ Մադրիդցիների դարպասի մոտ ստեղծված վտանգավոր դրվագից հետո դարպասապահ Անդրեյ Լունինը որսացել է գնդակը և այն արագ ձեռքով նետել Բրահիմ Դիասին։ Վերջինս իր կիսադաշտից գնդակով առաջ է շարժվել, ներխուժել տուգանային հրապարակ և դիպուկ հարվածով գրավել դարպասը։

Մինչ այդ, հաշիվը բացելու հնարավորություն ուներ նաև մադրիդցիների բրազիլացի հարձակվող Էնդրիկը, սակայն նրա հարվածից հետո «Դեպորտիվոյի» դարպասապահը փրկել է իր թիմին։ Ընդմիջումից հետո երկու թիմերն էլ մի շարք փոփոխություններ են կատարել, հաշիվն այլևս չի փոխվել։

«Դեպորտիվոն» 2026/2027 մրցաշրջանում հանդես կգա Լա Լիգայում։ Ավարտված 2025/2026 մրցաշրջանում լա-կորունյանցիները 77 միավորով գրավել էին երկրորդ տեղը Սեգունդայում՝ վերանվաճելով Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում խաղալու իրավունքը։

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում թիմը վաստակել էր 86 միավոր և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։

 

Leave a Comment