Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրության վճարը կբաշխվի պետության, աշխատողի և գործատուի միջև

ՀՀ կառավարությունը քննարկում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր տարբերակները։ Քննարկվող սցենարներից մեկի համաձայն՝ մեկ անձի համար սահմանված ամսական 10,800 դրամ վճարը կբաշխվի պետության, աշխատողի և գործատուի միջև։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տարբերակով՝ 10,800 դրամից 4,400 դրամը կսուբսիդավորի Կառավարությունը, 2,000 դրամը կվճարի աշխատողը, իսկ 4,400 դրամը՝ գործատուն։ Աշխատողի կողմից վճարվելիք 2,000 դրամը նույնքան է, որքան այն գումարը, որը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը փոխանցվում էր «Զինապահ» հիմնադրամին։

Միաժամանակ, եթե աշխատողի ամսական աշխատավարձը բարձրանա և հասնի 200,000 դրամի, նա կանցնի 200,000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար գործող համակարգ։ Փաշինյանի ներկայացմամբ՝ 2028 թվականի հունվարի 1-ից կարող է փոխվել նաև վճարի բաշխման հարաբերակցությունը։ Այդ դեպքում, քանի դեռ աշխատողի ամսական աշխատավարձը 200,000 դրամից ցածր է, 10,800 դրամ վճարից 6,000 դրամը կվճարի աշխատողը, իսկ 4,800 դրամը՝ գործատուն։

Համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու դեպքում աշխատողը հնարավորություն կունենա իր կատարած վճարը հետ ստանալ սոցիալական կրեդիտի միջոցով։ Կառավարության կողմից քննարկվող այս սցենարների վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են Ազգային ժողովի, աշխատողների և գործատուների ներկայացուցիչների հետ։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment