
Անհայտ անձը վնասել է փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի ավտոմեքենան, յուղաներկով վնասել գույքը: Հասմիկ Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ոստիկանության կողմից արդեն ակտիվ գործողություններ են իրականացնում: Անձի ինքնությունը դեռևս չի պարզվել, սակայն փաստաբանը ողջամիտ կասկածներ ունի, մատնացույց է արել:
«Այցելել են հասցե, անձը հրաժարվել է ոստիկանության առջև բացի դռները կամ ներկայանա ոստիկանություն: Սպասում եմ ոստիկանության արձագանքին, գործողությունների ավարտին, որ հասկանանք` ով և ինչ դրդապատճառներով է դա արել, որովհետև ես անձնական դաշտում և իմ հաճախորդների շրջանում խնդիր չունեմ, հետևաբար, սա անձ է, որն իմ մասնագիտական գործունեության արդյունքում ունի որոշակի դժգոհություններ, խնդիրներ` ոչ ինձ հետ կապված և փորձում է արտահայտվել այս ձևով: Սա չար, նախանձ, ոչ ադեկվատ մարդու վարքագիծ է, որովհետև նորմալ մարդը, եթե հարցեր ունի, ապա հարցերի լուծման շատ տարբերակներ կան թե իրավական, թե քաղաքացիաիրավական հարթությունում, իսկ նման ձևով հարցեր լուծում են տգետ անձինք` փողոցում մեծացած, փողոցից այն կողմ ոչինչ չտեսած»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ մինչև վերջ գնալու է, սա այնպիսի հարց է, որ ցանկացած քաղաքացի, որը դժգոհ կմնա կողմի փաստաբանի մատուցած ծառայություններից կամ կլինի հակառակ կողմ, կարող է մտածել և ենթադրել, որ ինքը կարող է փաստաբանի հետ նման կերպ վարվել. «Սա կլինի քայլ, որը շատ նման միտք ունեցող քաղաքացիներին կսանձի, որ նման վարքագիծը դատապարտելի է, չի կարելի և թույլ չենք տա, որ այդպես վարվեն»:
Հեղինակ` Իզաբել Սահակյան