Հայաստանը պատրաստվում է COP-17 համաժողովին։ 2026 թվականի հոկտեմբերի18-30-ը Երևանում կանցկացվի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որն առավել հայտնի է COP 17 անունով։ Համաժողովին կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ Նախորդը՝ COP 29-ը, անցկացվեց երկու տարի առաջ՝ Բաքվում։
Կենսաբազմազանությունը մոլորակի իմունիտետն է՝ սա կլիմայի և շրջակա միջավայրի հարցերով փորձագետ Նարեկ Օհանյանի բնութագրումն է։ Փորձագետը մի քանի տարի առաջ էր պարզել, որ իր հարազատ մարզը՝ Արարատը , անապատացման ճանապարհին է։ Սկսեց ուսւմնասիրել խնդիրը․
«Եթե մի մասնիկ անգամ շղթայից հանենք, ամբողջը մեծ վտանգի առջև է կանգնում ու խաթարվում է ամբողջ շղթան մեր մոլորակի թե՛ կյանքի, և թե՛ մարդկության կյանքի»։
Շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն․․․ սկսեց հետաքրքրվել։
«Ներկա պահին Շվեյցարիայի Դաշնային հետազոտական ինստիտուտի հետ ուսումնասիրում ենք Հայաստանի անտառների կլիմայական դիմակայունությունը, սա իր տեսակով 1-ին հետազոտությունն է Հայաստանում, որ իրականացվում է նման խորությամբ»։
Հետաքրքիր տեղեկություններ է ներկայացնում «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպչական խումբը։ Հոկտեմբերի 2–րդ կեսին աննախադեպ մեծ միջոցառում է սպասվում Հայաստանում։ Երևանում կանցկացվի COP 17 համաժողովը։ Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 կողմերի ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ COP17-ին կնախորդի նաև Առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների և միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Այդ հանդիպման շրջանակում նախատեսվում է ընդունել «Երկրի վրա կյանքի պահպանման համար» խորագրով Երևանի հռչակագիրը։
Մանրամասնում է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը․ « COP17-ն առանձնահատուկ նշանակություն ունի նաև նրանով, որ Հայաստանում է իրականացվելու Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը»։
Նախարարն ասում է, որ այս պահին ակտիվ ընթացքի մեջ են կազմակերպչական աշխատանքները․
«Քանի որ կազմակերպչական ծախսերը նախապես նկարագրել և հաշվարկել հնարավոր չէ, ուստի համաժողովի կազմակերպիչների հետ կնքվել են շրջանակային պայմանագրեր։ Կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև կնքված հյուրընկալ երկրի համաձայնագրի; Համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ, որի շրջանակներում կազմակերպիչն ապահովելու է համաժողովի անցկացման համար միջազգային ստանդարտներին համապատասխան 4 վրանների, ընդհանուր 5400 քմ, վարձակալությունը, ինչպես նաև ձեռք են բերվելու ամենատարբեր տեսակի կահույք, սարքավորումներ և տրանսպորտի ծառայություններ։ Նման շրջանակային համաձայնագրեր առաջիկայում էլի կներկայացվեն կառավարության քննարկմանը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար» ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ COP17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը լավ հնարավորություն է Հայաստանի միջազգային տեսանելիությունը և ճանաչելիությունն ավելի բարձրացնելու առումով։ Ըստ վարչապետի՝ սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի 10․000-15․000 մասնակից.
«Սա նշանակում է, որ նաև տուրիզմի շատ մեծ ներհոսք է լինելու։ Սա նաև լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար. նախ՝ ծառայություններ մատուցել և հետո՝ իրենց մատուցած ծառայությունները գովազդել, որովհետև մեկ անգամ Հայաստան եկած մարդիկ անպայման ուրիշներին էլ խորհուրդ են տալիս գալ և իրենք էլ են վերադառնում»։
Մինչև օրս Կողմերի համաժողովը 16 հերթական և երկու արտահերթ նիստ է անցկացրել։ 1994-ից 1996 թվականներին Կողմերի համաժողովը հերթական նիստերն անցկացրել է ամեն տարի։ 2000 թվականին ընթացակարգի կանոնների փոփոխությունից հետո նիստերն անցկացվում են երկու տարին մեկ։