Հիփոթեքի դիմաց եկամտային հարկի վերադարձ․ ո՞վ կարող է օգտվել և ի՞նչ է փոխվում

Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերող քաղաքացիների համար եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը շարունակում է գործել, սակայն ծրագրից օգտվելու պայմանները, վերադարձվող գումարի առավելագույն չափը և ժամկետները կախված են ինչպես վարկի ստացման ամսաթվից, այնպես էլ գույքի գտնվելու վայրից։ Իրավաբանական և գործնական առումով կարևոր է նաև տարբերակել վարկային պայմանագրի կնքման և վարկի փաստացի ստացման ամսաթվերը, քանի որ որոշ դեպքերում հենց վարկի ստացման ամսաթիվն է որոշիչ։

Ո՞վ կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձից

Եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք հիփոթեքային վարկով՝

  • ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան են ձեռք բերում անմիջապես կառուցապատողից,
  • պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում բնակարան են ձեռք բերում պետությունից, համայնքից, կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից,
  • ՀՀ տարածքում ձեռք են բերում կամ կառուցում անհատական բնակելի տուն։

Միաժամանակ, եկամտային հարկի վերադարձը վերաբերում է բացառապես վարձու աշխատող ֆիզիկական անձանց աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված ու պետական բյուջե վճարված եկամտային հարկին։

Այսինքն՝ վերադարձի հիմք չեն հանդիսանում, օրինակ, քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքներից կամ մատուցված ծառայություններից, անշարժ գույքի վարձակալությունից կամ բանկային ավանդների տոկոսներից ստացված եկամուտների դիմաց վճարված եկամտային հարկերը։

Վերադարձը կատարվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար տվյալ ժամանակահատվածում վճարված տոկոսների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ։

Ի՞նչ սահմանափակումներ կան

2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառուն և համավարկառուն եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով։ Բացի այդ, հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։

Վերադարձվող գումարի եռամսյակային առավելագույն չափը նույնպես սահմանված է։ Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկերի դեպքում վարկառուին և, առկայության դեպքում, համավարկառուներին վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը։

2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի դեպքում այդ առավելագույն շեմը կազմում է 750 հազար դրամ յուրաքանչյուր եռամսյակի համար։

Որտե՞ղ այլևս չի գործում եկամտային հարկի վերադարձը

Ծրագրի աշխարհագրական սահմանափակումները փուլային են։ Երևանում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի դեպքում եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործում։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում այն չի գործելու 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի դեպքում։ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սահմանափակումը նախատեսված է 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի համար։

Այսինքն՝ քաղաքացիների համար կարևոր է ոչ միայն այն, թե որտեղ է գտնվում բնակարանը, այլև երբ է ստացվել հիփոթեքային վարկը։

Օրինակ՝ եթե բնակարանը կառուցվում է Կոտայքի մարզում, իսկ հիփոթեքային վարկը ստացվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո, եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի կիրառվի։ Միայն վարկային պայմանագրի՝ ավելի վաղ կնքված լինելը ինքնին բավարար չէ. որոշիչ է վարկի ստացման ժամկետը։

Ո՞ր դեպքերում սահմանափակումները չեն կիրառվում

Տարածքային սահմանափակումներից բացառություններ կան։ Դրանք չեն վերաբերում՝

  • այն բնակարաններին կամ անհատական բնակելի տներին, որոնք կառուցվել կամ կառուցվում են մինչև 2022 թվականի հունվարի 1-ը տրամադրված շինարարության թույլտվությամբ,
  • այն բնակարաններին կամ անհատական բնակելի տներին, որոնց հիփոթեքային վարկը ստացվել է համապատասխան սահմանափակումների ուժի մեջ մտնելուց առաջ,
  • Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքին։

Ինչպե՞ս է առաջին անգամ ներկայացվում դիմումը

Ծրագրից առաջին անգամ օգտվող քաղաքացին պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ առձեռն կամ փոստով։ Ներկայացվում է եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ՝ համապատասխան փաստաթղթերով։

Դրանց թվում են վարկառուի անձը հաստատող փաստաթուղթը, ՀԾՀ-ն, անհրաժեշտության դեպքում՝ ՀՎՀՀ-ն, հիփոթեքային վարկի պայմանագիրը և մարման ժամանակացույցը, գրավադրված գույքի սեփականության կամ դրա ձեռքբերման իրավունքի պետական գրանցման փաստաթուղթը, կառուցապատողի համապատասխան տեղեկանքը կամ անհատական տան շինարարության թույլտվությունը, ինչպես նաև բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման համապատասխան պայմանագիրը։

Հայտի հաստատումից հետո քաղաքացին պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» և հետագա վերադարձի դիմումները ներկայացնի էլեկտրոնային եղանակով։

Ինչպե՞ս ստանալ գումարը առցանց

Քաղաքացին կարող է պորտալում գրանցվել էլեկտրոնային ստորագրությամբ կամ առանց դրա։ Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում գրանցումը կատարվում է պորտալի միջոցով՝ համապատասխան հայտը լրացնելու և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու եղանակով։

Եթե քաղաքացին էլեկտրոնային ստորագրություն չունի և չի ցանկանում ձեռք բերել այն, կարող է գրանցման համար դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին կամ համապատասխան փաստաթղթերը ուղարկել ՊԵԿ-ի տրամադրած էլեկտրոնային հասցեին։

Գրանցվելուց հետո քաղաքացին իր էջում՝ «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյանում», ստեղծում է նոր դիմում։ Դիմումում անհրաժեշտ է լրացնել հեռախոսահամարը, հաշվետու ժամանակահատվածը և գործող բանկային հաշվեհամարը։ Մնացած տվյալները լրացվում են ինքնաշխատ։ Տվյալները ստուգելուց հետո քաղաքացին կարող է անհրաժեշտության դեպքում խմբագրել վերադարձման ենթակա գումարի չափը և դիմումն ուղարկել ՊԵԿ։ Կարևոր է՝ այս փուլում հարկային մարմին այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Ե՞րբ է գումարը փոխանցվում

Էլեկտրոնային դիմումն ուղարկելուց հետո գումարը քաղաքացին սովորաբար ստանում է ժամերի ընթացքում կամ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ գործատուն արդեն ներկայացրած և վճարած լինի տվյալ ժամանակահատվածի եկամտային հարկը, իսկ ֆինանսական կազմակերպությունը ՊԵԿ-ին փոխանցած լինի հիփոթեքային վարկի վճարված տոկոսների վերաբերյալ տվյալները։ Եթե անհրաժեշտ տվյալներից որևէ մեկը ՊԵԿ-ին դեռ չի փոխանցվել, համակարգը դրա մասին տեղեկացնում է քաղաքացուն։ Միաժամանակ, եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացնելու համար վերջնաժամկետ սահմանված չէ։

Իսկ եթե վարկառուն կորցնում է աշխատանքը

Աշխատանքից ազատվելու և որոշ ժամանակ անց կրկին վարձու աշխատանքի անցնելու դեպքում քաղաքացին չի կորցնում եկամտային հարկի վերադարձի իր իրավունքը։ Սակայն վերադարձը կատարվում է միայն այն հաշվետու եռամսյակների համար, որոնց ընթացքում նրա աշխատավարձից կամ դրան հավասարեցված վճարումներից հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել եկամտային հարկ։ Այսինքն՝ աշխատանք չունեցած ժամանակահատվածի համար վերադարձվող եկամտային հարկ չի ձևավորվում։

Հիփոթեքային վարկին նոր համավարկառուի ավելացումը ինքնին չի նշանակում, որ այդ անձը կարող է ստանալ եկամտային հարկի վերադարձ։ Համավարկառուն պետք է լինի ոչ միայն վարկի մասնակից, այլև բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու իրավունքի սեփականատեր կամ համասեփականատեր։

Հետևաբար, եթե անձը ներառվել է որպես համավարկառու, բայց գույքի նկատմամբ սեփականության կամ համապատասխան իրավունքի սեփականատեր չէ, նա չի կարող օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից։ Միաժամանակ, եթե 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկին ավելացվում է նոր համավարկառու, վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր առավելագույն չափը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։

Ի՞նչ է լինում, եթե բնակարանը վաճառվում է գնման իրավունքի փուլում

Եթե նոր կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու իրավունքը մեկ ֆիզիկական անձը օտարում է մեկ այլ ֆիզիկական անձի, և այդ իրավունքը հետագայում հիմք է հանդիսանում կառուցապատողից բնակարան ձեռք բերելու համար, նոր գնորդը կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձից։ Սակայն դրա համար նա պետք է բավարարի օրենքով սահմանված մյուս բոլոր պայմաններին։

Իսկ եթե հիփոթեքը տեղափոխվում է այլ բանկ

Եթե բնակարան ձեռք բերելու նպատակով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ստացված հիփոթեքային վարկը 2025 թվականի հունվարի 1-ից հետո վերաֆինանսավորվում է և տեղափոխվում այլ բանկ, վերադարձի իրավունքը կարող է պահպանվել։ Դրա համար պետք է պահպանվեն մի շարք պայմաններ՝ վարկի ստացման նպատակը չպետք է փոխվի, իսկ վերաֆինանսավորումը պետք է կատարվի վարկի մնացորդի չափով։ Այս դեպքում շահառուն շարունակում է օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից՝ յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև 1.5 միլիոն դրամի չափով։

Եթե քաղաքացին 2018 թվականի հունվարի 1-ից հետո արդեն օգտվել է եկամտային հարկի վերադարձից մեկ հիփոթեքային վարկի պայմանագրով, ապա հետագայում նոր բնակարան ձեռք բերելու նպատակով մեկ այլ հիփոթեքային վարկի դեպքում նա չի կարող կրկին օգտվել այս հնարավորությունից։ Այդ թվում՝ նախկինում ստացված վերադարձված գումարները պետական բյուջե վերադարձնելը չի վերականգնում երկրորդ անգամ ծրագրից օգտվելու իրավունքը։

Ի՞նչ պետք է հաշվի առնի քաղաքացին

Հիփոթեքային վարկ վերցնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն բանկի առաջարկած տոկոսադրույքը կամ ամսական վճարը, այլև եկամտային հարկի վերադարձի իրավունքի հետ կապված սահմանափակումները։ Քաղաքացու համար հատկապես կարևոր են երեք հանգամանք՝ վարկի ստացման ամսաթիվը, գույքի գտնվելու վայրը և գույքի իրավական կարգավիճակը։ Մինչև վարկային պարտավորություն ստանձնելը անհրաժեշտ է պարզել՝ արդյոք տվյալ գույքը և տվյալ վարկը համապատասխանում են եկամտային հարկի վերադարձի պայմաններին։ Հատկապես մարզերում գույք ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել ծրագրի փուլային դադարեցման ժամկետները։ Իսկ արդեն ծրագրից օգտվող քաղաքացիների համար կարևոր է հիշել, որ վերադարձի չափը կապված է ոչ միայն օրենքով սահմանված առավելագույն շեմի, այլև տվյալ եռամսյակում փաստացի վճարված հիփոթեքային տոկոսների և պետական բյուջե վճարված եկամտային հարկի չափի հետ։

Leave a Comment