Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 14-ին շարունակվեց Արմեն Սաքապետոյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը։ Դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, ինչպես նաև պատասխանող կողմի ներկայացուցիչներ Վահագն Ասատրյանը և Արմեն Հարությունյանը։ Նիստին ներկա էր նաև լրատվամիջոցի ներկայացուցիչը, որի միջնորդությունը՝ նիստը տեսանկարահանելու վերաբերյալ, դատարանը բավարարեց։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նիստի ընթացքում դատարանն անցավ ապացուցման պարտականության բաշխման հարցի քննարկմանը, սակայն մինչ այդ կողմերը ներկայացրին մի շարք միջնորդություններ՝ կապված հայցի փոփոխությամբ ավելացված պահանջների, դրանց առանձնացման և հայցային վաղեմության հետ։
Պատասխանող Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը, մասնավորապես, միջնորդեց վարույթից առանձնացնել հայցի փոփոխությամբ ներկայացված՝ One Square Group ՍՊԸ-ի բաժնեմասին վերաբերող պահանջը։ Կողմի ներկայացմամբ՝ պահանջը վերաբերում է նաև նախկինում վարույթում չներգրավված անձանց, և դրա առանձնացումը, իրենց գնահատմամբ, անհրաժեշտ է դատավարական արդյունավետության տեսանկյունից։
Առանձին միջնորդությամբ պատասխանող կողմը բարձրացրեց նաև հայցային վաղեմության հարցը՝ նշելով, որ որոշ պահանջներ ներկայացվել են ուսումնասիրության ավարտից շուրջ երկու տարի անց։ Կողմի գնահատմամբ՝ եթե ուսումնասիրության սկիզբը 2021 թվականի մայիսի 24-ն է, ապա հետագայում ներկայացված նոր պահանջների նկատմամբ պետք է գնահատվի օրենքով սահմանված ժամկետի պահպանված լինելը։
Դավիթ Մեյրոյանը, սակայն, առարկեց այդ մոտեցմանը։ Նրա դիրքորոշմամբ՝ ժամկետի հաշվարկը պետք է կապվի այն պահի հետ, երբ իրավասու մարմինը իմացել է կամ կարող էր իմանալ պետական շահի խախտման մասին։ Դատախազության ներկայացուցիչը պնդեց, որ նոր պահանջների մասով ժամկետը բաց թողնված չէ։
Պատասխանող կողմը հակադարձեց՝ նշելով, որ գործարքների, գույքի և դրանց կողմերի վերաբերյալ տեղեկությունները դեռևս ուսումնասիրության ընթացքում հասանելի են եղել իրավասու մարմնին, հետևաբար հետագայում դրանց վերաբերյալ դիրքորոշման փոփոխությունը չի նշանակում, որ տեղեկությունները նոր են հայտնի դարձել։
Դատարանը, քննարկելով հարցը, արձանագրեց, որ փաստական հանգամանքների մասով կողմերի միջև վեճ չկա, և պետք է գնահատել՝ հայցի փոփոխությամբ ավելացված պահանջը ներկայացվե՞լ է արդյոք օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ։ Միաժամանակ դատարանը գտավ, որ պահանջների փոխկապակցվածության պայմաններում դրանց առանձնացումը չի բխում գործի քննության արդյունավետությունից։ Դատարանը որոշեց միջնորդության հարցը վերջնական լուծել եզրափակիչ դատական ակտով՝ առաջնորդվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորմամբ։
Այնուհետև դատարանն անցավ ապացուցման պարտականության բաշխման հարցին։
Հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը ներկայացրեց այն փաստերի շրջանակը, որոնք, իր գնահատմամբ, ենթակա են ապացուցման հայցվոր կողմի կողմից։ Դրանց թվում նշվեցին գույքերի շուկայական արժեքը, պատասխանողների փոխկապակցվածությունը, գույքերի՝ Արմեն Սաքապետոյանի միջոցներով ձեռք բերված լինելը, դրանց ձեռքբերման օրինական եկամուտների աղբյուրների բացակայությունը, ինչպես նաև իրական շահառու լինելու հանգամանքը։
Արմեն Հարությունյանը, իր հերթին, պնդեց, որ պետք է ապացուցման պարտականություն ունենա նաև այն դրական փաստերի վերաբերյալ, որոնք ներկայացվում են հայցի հիմքում։ Կողմը նաև ընդգծեց, որ իր դիրքորոշմամբ՝ օրինական եկամուտների առկայության փաստի ապացուցումը ևս չպետք է ավտոմատ կերպով վերապահվի պատասխանողներին։
Հատուկ շեշտադրվեց ուսումնասիրության՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության հարցը։
Պատասխանող կողմի ներկայացուցիչները պնդեցին, որ ուսումնասիրության սկսման օրինականությունը պետք է ապացուցի հենց հայցվոր կողմը՝ Գլխավոր դատախազությունը։ Նրանց խոսքով՝ խոսքը միայն ներկայացված փաստաթղթերի իրավաչափության մասին չէ․ անհրաժեշտ է պարզել՝ առհասարակ իրականացվե՞լ են արդյոք այն օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց առկայությունը, ըստ իրենց, պետք է հիմք հանդիսացած լինի ուսումնասիրությունը սկսելու համար։
Կողմը հայտարարեց, որ իր դիրքորոշմամբ՝ տվյալ վարույթի շրջանակում օպերատիվ-հետախուզական միջոցառում ընդհանրապես չի իրականացվել։ Կողմի ներկայացմամբ՝ վիճարկվում է ոչ միայն այդ միջոցառումների իրավաչափությունը, այլ հենց դրանց գոյությունը՝ որպես ուսումնասիրության մեկնարկի հիմք։ Պատասխանող կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների ենթադրյալ մեկնարկի, թույլտվությունների, դրանց իրականացման ժամկետների, ամփոփման և իրավասու մարմնին տեղեկությունների փոխանցման ընթացակարգերի վրա։ Կողմի համոզմամբ՝ այդ ամբողջ շղթայի օրինականությունը պետք է հիմնավորի դատախազությունը։ Նաև պահանջ ներկայացվեցեց ապացուցման պարտականության շրջանակում ներառել ոստիկանության՝ 2025 թվականի մայիսի 21-ի գրության հետ կապված հանգամանքները՝ այդ թվում դրա բնօրինակի, կազմման ժամկետի և ներկայացման ընթացակարգի վերաբերյալ հարցերը։
Դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը հակադարձեց, որ ուսումնասիրության իրավաչափությունը որպես այդպիսին ապացուցման ենթակա առանձին փաստ չէ, այլ դատարանի կողմից իրավական գնահատման ենթակա հարց։ Նրա խոսքով՝ համապատասխան գրությունները կարող են ապացույց հանդիսանալ հայցում նշված կոնկրետ փաստերի հաստատման համար, սակայն ոչ այն իմաստով, որ ինքնին ապացուցում են ամբողջ ուսումնասիրության իրավաչափությունը։
Մեյրոյանը նաև նշեց, որ իրավասու մարմինը պետական մարմինների միջև պաշտոնական փաստաթղթաշրջանառության պայմաններում չի կարող ինքնաբերաբար կասկածի տակ դնել ստացված տեղեկությունները։ Պաշտպանական կողմը, սակայն, առարկեց «վստահության կանխավարկածի» նման կիրառմանը՝ նշելով, որ հակակոռուպցիոն մարմինների գործունեության համատեքստում պետական մարմինների գործողությունների նկատմամբ անվերապահ վստահությունը չի կարող փոխարինել դրանց իրավաչափության ստուգմանը։
Նիստում քննարկվեց նաև Դատախազության կողմից հայցի չափի և հաշվարկների փոփոխության հարցը։
Պատասխանող կողմը պնդեց, որ պահանջի էական փոփոխությունը պետք է ունենա հստակ փաստական, իրավական և մեթոդաբանական հիմնավորում։ Կողմը դատարանին առաջարկեց պարզել՝ Դատախազությունում եղել է արդյոք վերահաշվարկ կատարելու վերաբերյալ գրավոր հանձնարարություն, զեկուցագիր կամ այլ փաստաթուղթ, ովքեր են կազմել, ստուգել և հաստատել սկզբնական և հետագա հաշվարկները, և արդյոք նույն մեթոդաբանությունը կիրառվել է համադրելի այլ վարույթներում։
Նա նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ տարբեր դատախազների կողմից այս գործով նախկինում ներկայացվել են միմյանցից տարբերվող դիրքորոշումներ։ Կողմի գնահատմամբ՝ այդ փոփոխության պատճառները նույնպես պետք է հիմնավորվեն։
Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ հաշվարկի առանձին «մեթոդաբանությունը» որպես ինքնուրույն փաստ ապացուցման ենթակա չէ։ Նրա խոսքով՝ պետք է ապացուցվեն հաշվարկի հիմքում դրված ելակետային տվյալները՝ գույքի ձեռքբերման ամսաթիվը, եկամուտները, ծախսերը և այլ համապատասխան տվյալներ, իսկ դրանց գումարումն ու համադրումը արդեն ներկայացված ապացույցների համակցված գնահատման արդյունքն է։
Նիստի ընթացքում քննարկվեց նաև Դատախազության ներկայացուցիչների դերերի հարցը։ Պատասխանող Արմեն Սաքապետոյանը հարց բարձրացրեց դատախազի և հաշվարկն իրականացրած մասնագետի գործառույթների տարբերության վերաբերյալ։ Դավիթ Մեյրոյանը պարզաբանեց, որ տնտեսագետը գործնականում տվյալները մուտքագրել և տեխնիկական հաշվարկն է իրականացրել, իսկ իրավական գնահատականը տվել է դատախազը։
Քննարկման ավարտին նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը կողմերին հարցրեց, թե որքան ժամանակ է անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելու համար։ Հայցվոր կողմը նշեց, որ երկու ամիսը բավարար ժամկետ է՝ հաշվի առնելով ապացույցների ծավալը։ Պատասխանող կողմը գտավ, որ մեկ ամիսը բավարար է։ Դատարանը տեղեկացրեց, որ ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ որոշումից հետո հաջորդ նիստում կքննարկվեն ներկայացված ապացույցների թույլատրելիության, ինչպես նաև համապատասխան միջնորդությունների հարցերը։
Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։30-ին։