Ֆրանսիայում օրենսդիրները ստիպված կլինեն վերանայել մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել և չեղարկել է մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերն արգելող օրենքը՝ այն համարելով քաղաքացիների իրավունքների ու ազատությունների «անհամաչափ սահմանափակում»։

Բարձրագույն դատական ատյանն այս որոշումը հիմնավորել է երկու գլխավոր պատճառով։

Առաջինը խոսքի ազատության խախտումն է, քանի որ համատարած արգելքը սահմանափակում է կարծիք արտահայտելու և հաղորդակցվելու մարդկանց իրավունքը։

Երկրորդը գաղտնիության սպառնալիքն է, քանի որ օրենքը կիրառելու համար բոլոր օգտատերերից, այդ թվում՝ չափահասներից, կպահանջվեր հաստատել իրենց տարիքը։ Մինչդեռ փաստաթղթում հստակեցված չեն անձնական տվյալների ստուգման պայմաններն ու իրավական երաշխիքները, ինչը խախտում է մասնավոր կյանքի հարգման իրավունքը։

Սահմանադրական խորհրդի այս որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հանձնարարել է վարչապետին լրամշակել օրինագիծը՝ հաշվի առնելով բոլոր իրավական նկատառումները։ Ելիսեյան պալատը մտադիր է փոփոխված տարբերակը կյանքի կոչել մինչև 2027 թվականի գարունը։

Հատկանշական է, որ սոցցանցերի արգելքը մերժվել է, սակայն նույն օրենսդրական փաթեթի մեկ այլ դրույթ մնացել է ուժի մեջ․ ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման համատարած արգելքը կարող է գործել արդեն սեպտեմբերից։

Leave a Comment