Վաղարշապատ համայնքի մի շարք գյուղերում ցորենի մշակությամբ շատ էին զբաղվում: Այս շրջանում արդեն ավարտվում էր բերքահավաքն ու հողը պատրաստում մյուս մշակաբույսի աճեցման համար: Հիմա ցորեն քիչ են ցանում, իսկ բանջարեղենի երկրորդ բերքի մշակությունը սկսում են գարնանը ազատ մնացած հողերում: Ցորենի մշակության ծախսերն ավելացել են, եկամուտը՝ պակասել:
Վաղարշապատ համայնքի գյուղերում տարիներ առաջ այս օրերին ցորենի բերքահավաքն էր ավարտվում, իսկ ազատված հողում արդեն հաջորդ մշակաբույսի համար էին պատրաստվում։ Այսօր պատկերը փոխվել է․ ցորենի ցանքատարածքները նվազել են, իսկ որոշ հողեր ընդհանրապես չեն մշակվում։ Գյուղացիների հաշվարկը պարզ է՝ ցորենի մշակության ծախսն աճել է, իսկ եկամուտը՝ նվազել։ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում Լարիսան այս տարի ընդամենը մոտ 5000 քառակուսի մետր է ցանել։
«Այս տարի մենք շատ քիչ ենք մշակել, գրեթե 5000 քմ, բայց դրանից, պատկերացրեք, 1.5 տ-2 տոննա բերք ենք ստացել, որ շատ ցածր ցուցանիշ է: Դրա համար ավելի շատ ծախս ենք արել: Նախ՝ այդ սերմը մենք դրսից ենք գնել՝ 1 կգ 250 դրամով, ու իր գինը չի հանել»։
Ցորենի մշակության մեջ ձեռքի աշխատանքը քիչ է․ հիմնական աշխատանքը տեխնիկան է անում։ Բայց դա դեռ չի նշանակում, որ մշակությունն էժան է։ Սերմ, պարարտանյութ, բուսասանիտարական միջոցներ, վառելիք, հողի մշակում, կոմբայնի և տեղափոխման ծախսեր։ Գյուղացիների խոսքով՝ մի քանի տարի առաջվա համեմատ այս ամենը զգալի թանկացել է։

«Առաջ շատ-շատ էր հացահատիկը: Այն ժամանակ ծախսերը էժան էին, հիմա 10000-11000 դրամով պարարտանյութ ես առնում, վրան գրված է 34 տոկոս, բայց երևի 15 տոկոս էլ չկա: Ծախսերն ավելի շատ են, քան տված օգուտը»։
«Պարարտացնել է պետք, որն այս պահին շատ թանկ է ու հասանելի չէ գյուղացուն: Հա, էդ մշակաբույսը արվում է տեխնիկայով, բայց ցորենի էլիտային սերմ ես գնում, որ ընտիր, բարձր որակի հացահատիկ տա, հետո բերում ես կոմբայն, մեքենա և այլն, հետո տեսնում ես, որ ծախսերն ընդհանրապես չես հանում»։
Գեղակերտում այս տարի հացահատիկի բերքահավաքն ավարտվել է։ Ցորեն էր մշակվել շուրջ 10 հեկտարի վրա։ Իսկ գյուղի ավելի քան 500 հեկտար գյուղնշանակության հողերի մի մասն այս տարի մնացել է անմշակ։ Արմենը 5000 քառակուսի մետր հող ունի, բայց այս տարի դրա մոտ կեսն է մշակել։ Պատճառը ոչ միայն ցորենի ցածր եկամտաբերությունն է, այլև մյուս մշակաբույսերի շուկան։
«Էս կողմից՝ Էջմիածնի մեր գյուղերից գնում ես Աղավնատուն, էդ ճանապարհների վրա էնքա՜ն դատարկ հողեր կան: Ապրանքը չի ծախվում, ինչ մշակեն: Մարդիկ գոնե պիտի ցորեն անեին, ցորենն էլ ձեռք չի տալիս, ուրիշ ի՞նչ մշակաբույս դնես, 1 հա ելակ չես մշակի: Դնողներ էլ կան, որ դնում են՝ ի՞նչ օգուտ, կեսը փչացնում են, կեսն էլ այլ ծախսեր են անում»։
Գյուղացիները փորձում են ցորենը փոխարինել այլ մշակաբույսերով՝ կարտոֆիլ, կաղամբ, եգիպտացորեն, վարունգ, լոբի, կանաչի։ Ելակի բերքն արդեն ավարտվել է։ Կարտոֆիլի ցանքատարածքները գյուղում մոտ 20 հեկտար են։ Այն նաև ցանքաշրջանառության համար են օգտագործում, սակայն այստեղ էլ խնդիրները քիչ չեն․ բերքը հաճախ վնասվում է ցեցից, իսկ շուկայական գինը, գյուղացիների խոսքով, նվազում է։
Այս գյուղերում ոռոգման ջրի սակավությունը հիմնական խնդիրը չէ։ Գեղակերտում աշխատում է 13 խորքային հոր։ Խնդիրը ջուրը հող հասցնող առուներն են։ Գյուղացիների խոսքով՝ գարնանը առուները չեն մաքրվել, խոտն ու մամուռը փակել են ջրի ճանապարհը, և հիմա արդեն ամռանն են փորձում լուծել խնդիրը։

«Ամբողջ գյուղում է այդպես, ոչ թե միայն մեր տարածքում: Ես չեմ հիշում, թե այս տարի որտեղ են առուները հանել: Պիտի գնաս ջրային տնտեսությունում կռիվ անես, որ տրակտոր ուղարկի, գա հանի, բայց դա էլ հարց է՝ քանի՞ օր հետո կգա: Փող հավաքելուց խնդիր չկա: Գարնան սեզոնին չհանեցին, եկավ ամառ, որ արդեն խոտը, մամուռը փակում են հողերը, հիմա պիտի հանեն, բայց էլի չկան»։
Դաշտ հասնելն էլ հեշտ չէ։ Դաշտամիջյան ճանապարհները տարիների ընթացքում նեղացել ու վատացել են․ ասում է՝ նախկինում երկու մեքենա էր անցնում, հիմա՝ հազիվ մեկը։ Այս ամենը հաճախ ստիպում է գյուղացուն հողը չմշակել։ Բայց պարապ թողնելն էլ հեշտ որոշում չէ։ Արմենը աշնանը լոբու բերքը կհավաքի ու, չնայած ցորենի հետ կապված բոլոր խնդիրներին, նորից ցորեն կցանի, որովհետև գյուղատնտեսության մեջ երբեմն ընտրությունը ոչ թե շահութաբեր և ոչ շահութաբեր մշակաբույսերի միջև է, այլ՝ հողը պահել պարապ, թե թեկուզ փոքր եկամուտով շարունակել մշակել։