Մի քանի օրվա տարբերությամբ Հայաստանի երկու եկեղեցիներից անհետացել են ծիսական խաչեր։ Մեկը՝ Օհանավանի Հովհանավանքից, մյուսը՝ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցուց։ Երկու դեպքերի միջև առայժմ որևէ կապ քննությամբ հաստատված չէ։ Բայց երկու եկեղեցիներն էլ վերջին ամիսներին հայտնվել են լարված իրավիճակում՝ մի դեպքում՝ Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Ասատրյանի շուրջ շարունակվող եկեղեցական վեճի, մյուս դեպքում՝ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու և թեմի կառավարման շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ Թե՛ հոգևորականները, թե՛ համայնքի բնակիչները, սակայն, խուսափում են խաչերի անհետացումը այդ իրադարձությունների հետ կապելուց։ Այժմ երկու դեպքերն էլ քննության առարկա են, իսկ գլխավոր հարցը նույնն է՝ ով և ինչու է եկեղեցուց տարել ծիսական խաչը։