Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը

Խորհրդարանն օգոստոսի 14-ի նիստում քննարկել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել են Բաբկեն Թունյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ այդ պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։

Ըստ թեկնածուի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը եղել է ամենածանրաբեռնվածներից մեկը։ Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում ընդունված մոտ 2300 նախագծից 563-ը բաժին է ընկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին: Դրան զուգահեռ՝ հանձնաժողովն անցկացրել է 130 հերթական ու արտահերթ նիստ, ինչպես նաև 254 բաց և փակ աշխատանքային քննարկում։ Առանձին հանդիպումներ են անցկացվել բազմաթիվ տնտեսավարողների ու փորձագիտական շրջանակների հետ, կազմակերպվել են խորհրդարանական լսումներ, ինչպես նաև ճեպազրույցների ու ասուլիսների միջոցով փորձ է արվել հանրությանը տեղեկացնել կատարվող փոփոխությունների մասին։ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ վերջին 8 տարիների ընթացքում գործընկերների հետ կարողացել են ապահովել թափանցիկ ու արդյունավետ աշխատանք, ինչը կշարունակվի նաև այս անգամ։

Ուրվագծելով առաջիկա անելիքները՝ թեկնածուն ընդգծել է Ազգային ժողովի վերլուծական կարողությունների շարունակական հարստացման կարևորությունը, խորհրդարանում բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ ստեղծելու անհրաժեշտությունն ու հետօրենսդրական մշտադիտարկման գործընթացը։

Այնուհետև թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին։

Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով։

Leave a Comment