Ակադեմիական քաղաքի համար Երևանի և Սասունիկի տարածքները կճանաչվեն հանրության գերակա շահ

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը, ըստ որի «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով Երևանի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող՝ նախագծի հավելվածներով սահմանված տարածքների նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1323-Ն որոշմամբ (այսուհետ՝ Նախկին որոշում) Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով։

Նախկին որոշման ընդունման հիմքում դրված էր «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված ակադեմիական քաղաքի ստեղծման դրույթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2023 թվականի հուլիսի 13-ին կայացած՝ «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի մասին խորհրդակցության N Վ/148-2023 արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետով տրված հանձնարարականը։

Նախկին որոշման ընդունումից հետո «Ակադեմիական քաղաք» ծրագրի ինստիտուցիոնալ և իրավական հիմքերը հստակեցվել են։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 228-Լ որոշմամբ հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, որի իրականացման համար անհրաժեշտ է ապահովել ծրագրի տարածքային, գույքային և կազմակերպական նախադրյալների միասնական և արդյունավետ ձևավորումը։

Միաժամանակ, Նախկին որոշման ընդունումից հետո էականորեն փոփոխվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման իրավական կարգավորումը։ ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 11-ի ՀՕ-28-Ն օրենքով (այսուհետ՝ ՀՕ-28-Ն օրենք) փոփոխվել են հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմանն առաջադրվող բովանդակությանը, օտարման ենթակա սեփականության նույնականացմանը, նկարագրության արձանագրության կազմմանը, ծանուցումներին, գնահատման և փոխհատուցման ընթացակարգերին, ինչպես նաև օտարման հետագա փուլերին վերաբերող մի շարք կարգավորումներ։

ՀՕ-28-Ն օրենքի 15-րդ հոդվածով սահմանվել են եզրափակիչ և անցումային դրույթներ, որոնց 2-րդ մասով նախատեսվել է, որ եթե մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելու պահը կայացված՝ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումներով սահմանված այն գույքերի առնչությամբ, որոնց նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքը օրենքն ուժի մեջ մտնելու պահին գրանցված չի եղել, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում չի գրանցվում ձեռքբերողի սեփականության իրավունքը, ապա Կառավարությունն իր որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասնակի՝ տվյալ գույքի մասով կարող է ճանաչել ուժը կորցրած, ինչպես նաև նոր որոշմամբ տվյալ գույքի առնչությամբ կարող է կրկին ճանաչել հանրության գերակա շահ։

Նախկին որոշմամբ նախատեսված օտարման գործընթացը փաստացի չի անցել սեփականության օտարման պայմանագրերի կնքման, փոխհատուցման վճարման և ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման փուլեր, իսկ ՀՕ-28-Ն օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում օտարման հետագա ընթացակարգերը ենթակա են իրականացման նոր իրավական կարգավորումների ներքո։ Այդ պայմաններում Նախկին որոշման հիման վրա գործընթացը շարունակելը կարող է առաջացնել իրավական և ընթացակարգային անորոշություն՝ թե՛ օտարվող սեփականության նույնականացման, թե՛ նկարագրության արձանագրությունների կազմման, թե՛ սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների ծանուցման և փոխհատուցման երաշխիքների կիրառման տեսանկյունից։

Ուստի Նախագծով առաջարկվում է ՀՕ-28-Ն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված անցումային կարգավորման հիման վրա ուժը կորցրած ճանաչել Նախկին որոշումը և նույն ծրագրի իրականացման նպատակով ընդունել հանրության գերակա շահ ճանաչելու նոր որոշում՝ արդեն գործող օրենքի նոր պահանջներին և ընթացակարգերին համապատասխան։ Նման մոտեցումը ապահովում է իրավական որոշակիություն, գործընթացի միասնական մեկնարկ և սեփականատերերի իրավունքների պաշտպանության նոր երաշխիքների ամբողջական կիրառություն։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 228-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող՝ Նախագծի N 1, N 2 և N 3 հավելվածներում նկարագրված տարածքների նկատմամբ ճանաչվում է հանրության գերակա շահ։

Նախագծում հանրության գերակա շահ ճանաչելու հիմքերը ձևակերպվել են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։ Մասնավորապես, ամրագրվում է, որ օտարման նպատակն է կրթության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման միջոցով, և այն ողջամտորեն իրագործելի է ծրագրի համար սահմանված վերջնաժամկետներում։

Նախագծով հիմնավորվում է, որ ծրագրի իրականացման հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերին, քանի որ ծրագիրն ուղղված է ժամանակակից կրթական, հետազոտական և նորարարական գործունեության համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը, գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրմանը, ինչպես նաև հանրային բարեկեցության և տնտեսական կայուն զարգացման խթանմանը։

Նախագծով նաև արձանագրվում է, որ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականության օտարման, քանի որ համապատասխան գույքերը գտնվում են Ակադեմիական քաղաքի համար նախատեսված կառուցապատման գոտում, և առանց դրանց օտարման հնարավոր չէ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը։

Օտարումը չի առաջացնում սեփականատերերի համար չհիմնավորված վնաս, քանի որ միջամտությունը սահմանափակվում է ծրագրի իրականացման համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ծավալով, իսկ օտարումը կատարվելու է օրենքով սահմանված կարգով՝ արդարացի և համարժեք փոխհատուցման երաշխիքների պահպանմամբ։ Օտարվող սեփականությունն օգտագործվելու է բացառապես «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով։

Նախագծով որպես օտարվող սեփականության ձեռքբերող սահմանվում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։ Օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմին է սահմանվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն։

Նախագծով նախատեսվում է նաև, որ սույն որոշումից ծագող օտարվող սեփականության նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով և ժամկետում՝ ձեռքբերողի միջոցների հաշվին։

Նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Նախկին որոշումը։ Այս կարգավորումն իրականացվում է ոչ թե որպես նախկին իրավակարգավորման պարզ տեխնիկական փոփոխություն, այլ որպես ՀՕ-28-Ն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված անցումային մեխանիզմի կիրառում՝ նույն գույքերի առնչությամբ հանրության գերակա շահը նոր որոշմամբ կրկին ճանաչելու և գործընթացը նոր օրենքի կարգավորումների ներքո սկսելու նպատակով։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը գործող իրավական կարգավորումների ներքո, Նախկին որոշումը կճանաչվի ուժը կորցրած, իսկ օտարման գործընթացը կսկսվի նոր օրենքով նախատեսված ընթացակարգային և սեփականատերերի իրավունքների պաշտպանության երաշխիքների ամբողջական կիրառմամբ։

Նախագծի ընդունումը կնպաստի ծրագրի տարածքային և գույքային հիմքերի հստակեցմանը, օտարման գործընթացի իրավական որոշակիության ապահովմանը, համապատասխան ենթակառուցվածքների կառուցման նախադրյալների ձևավորմանը և ծրագրի արդյունավետ իրականացմանը։

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության դրույթից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 228-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակներից։

Leave a Comment