Անգլիայի Արևելյան Սասեքս կոմսությունում՝ Լյուիս քաղաքի մոտ, գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 11 մարդ տուժել է։ Այս մասին հայտնել է Անգլիայի հարավարևելյան ափի շտապօգնության ծառայությունը։
«Այս փուլում կարող ենք հաստատել, որ երկու պացիենտ լուրջ վնասվածքներ է ստացել։ Եվս ինը պացիենտ ավելի թեթև վնասվածքներ են ստացել։ Պացիենտները զննվել են, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։ Ոմանք հետագա բուժման համար տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ», — ասվում է Sky News-ի հրապարակած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Լոնդոնից Իսթբորն ուղևորվող գնացքում ընդհանուր առմամբ մոտ 150 մարդ է եղել։
Միջադեպի պատճառով Անգլիայի հարավում երկաթուղային հաղորդակցությունը մասամբ խաթարվել է։ Օպերատորները նախազգուշացրել են հնարավոր ուշացումների և չեղարկումների մասին և խորհուրդ են տվել, հնարավորության դեպքում, մինչև օրվա ավարտը հրաժարվել ուղևորություններից։