Skai․ Հունաստանի Կասանդրա թերակղզում ուժեղ հրդեհ է բռնկվել

Հունաստանի հյուսիսում՝ Կասանդրա թերակղզու Սիվիրի բնակավայրում, ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Skai հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Կասանդրայում բռնկված հրդեհը մարում է 155 հրշեջ՝ 57 մեքենայով, ինչպես նաև 9 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ։ Հրդեհի ճակատը ձգվում է մի քանի կիլոմետր։

Տեղական լողափերից, ինչպես նաև որոշ բնակավայրերից ավելի քան 347 մարդ հրշեջ ծառայության նավակներով և մասնավոր նավերով տեղափոխվել է անվտանգ վայրեր։ Տարհանվել է նաև մեկ հյուրանոց, իսկ մի շարք տեղական ճանապարհներ փակվել են երթևեկության համար։

Երկու հրշեջ շտապօգնության մեքենաներով տեղափոխվել է հիվանդանոց․ նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, իսկ մյուսը ստորին վերջույթի վնասվածք է ստացել։

Հրդեհաշիջման աշխատանքներն ուժեղացնելու նպատակով Կասանդրա են տեղափոխվում տասնյակ հրշեջներ երկրի այլ շրջաններից, այդ թվում՝ Աթենքից, Յանինայից, Ալեքսանդրուպոլիսից, Կոզանիից, Վոլոսից և Կավալայից։

 

Leave a Comment