Եվրոպական հեռարձակողների միությունը փոխել է «Եվրատեսիլ»–ի կազմակերպման կանոնները

«Եվրատեսիլ»-ը թարմացրել է մրցույթի կանոնները։ Փոփոխությունները վերաբերում են անվտանգության պահանջներին, մրցույթը հյուրընկալելու պայմաններին և այլն։

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հայտարարել են մրցույթի կանոնների փոփոխությունների մասին։ Ըստ այդմ՝ այսուհետև մրցույթում հաղթած հեռարձակողները չեն կարող հյուրընկալել «Եվրատեսիլը», եթե այն երկրները, որոնք ներկայացնում են, ներգրավված են զինված հակամարտության մեջ կամ աշխարհաքաղաքական զգայուն իրավիճակում են։

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մրցույթի կազմակերպման կանոնները թարմացրել է տարեկան վերանայումից հետո։ Ըստ նոր կանոնների «Եվրատեսիլ»–ի հաղթող հեռարձակողն այժմ, մեջբերում եմ, «ավտոմատ կերպով չի կարողանա հյուրընկալել մրցույթը, եթե զինված հակամարտությունը, զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակը կամ որևէ այլ իրավիճակ էականորեն ազդում է իրենց պետության կամ տարածաշրջանի անվտանգության կամ կայունության վրա»։

Այս տարի մի շարք երկրներ՝ Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան, Իսլանդիան և Սլովենիան հրաժարվել էին Վիեննայի մրցույթին մասնակցելուց։ Նրանք այդ մասին հայտարարել էին, երբ պաշտոնապես հաստատվել էր, որ «Եվրատեսիլ 2026»-ին մասնակցելու է նաև Իսրայելը։

Այդ միջադեպից հետո ստեղծված իրավիճակը վերլուծելով՝ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ կանոնները փոխվել են մրցույթի մասնակից հեռարձակողների արձագանքներից հետո։ Մրցույթի կազմակերպիչներն այժմ վստահեցնում են, որ կանոնակարգային թարմացումները ավելի մեծ պարզություն կապահովեն արտիստների և պրոդյուսերական անձնակազմի համար։

Եթե հաղթող երկիրը ներգրավված չէ զինված հակամարտության մեջ, բայց դժվար իրավիճակում է, ապա դրա հետ կապված հանգամանքները կգնահատի անվտանգության անկախ մարմինը։ Դա կօգնի, որ Եվրոպական հեռարձակողների միությունը կարողանա որոշել, թե արդյոք տվյալ երկիրը կարող է անվտանգ հյուրընկալել մրցույթը։

Եթե հաստատվի պայմանների անհամապատասխանությունը անվտանգության պահանջներին, Եվրոպական հեռարձակողների միությունը այլ հյուրընկալող հեռարձակողի թեկնածություն կառաջարկի, որը կստանձնի մրցույթի հյուրընկալման իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվությունը։ Ընդ որում՝ այլընտրանքային հեռարձակողը մրցույթը կկազմակերպի իր իսկ լիարժեք իրավունքներով և ոչ թե պարզապես կբեմադրի միջոցառումը հաղթած, բայց մերժված երկրի անունից։

Ի դեպ, «Եվրատեսիլ 2027»–ը կհյուրնկալի Բուլղարիան։ Եկող տարվա մրցույթը տեղի կունենա Բուրգաս քաղաքում։ Բուլղարիան մրցույթը հյուրընկալելու իրավունք էր ստացել, քանի որ «Եվրատեսիլ 2026»-ում հաղթել էր իր ներկայացուցիչը՝ երգչուհի DARA–ն։

Leave a Comment