Թուրքիան 2027 թվականի սկզբին նախատեսում է Լուսին ուղարկել հիբրիդային հրթիռային շարժիչով հագեցած առաջին տիեզերական սարքը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը։
«2027 թվականի առաջին ամիսներին մենք տիեզերք կուղարկենք մեր լուսնային սարքը, որը հագեցած է սեփական արտադրության հիբրիդային շարժիչային համակարգով։ Մեր ինժեներները, հետազոտողներն ու գիտնականները մշակում են հայրենական լուսնային սարքը։ Գործարկումների ժամանակացույցն արդեն հաստատվել է։ Բոլոր փորձարկումները հաջողությամբ ավարտվել են», — նախարարի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ Թուրքիան «կարևոր հնարավորություններ ունի հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում»։
«Մենք ռազմավարական քայլ ենք կատարում և Սոմալիում կառուցում ենք սեփական տիեզերակայանը։ Հուսով եմ՝ այս նախագիծը նույնպես արագ կավարտվի, և Թուրքիան կկարողանա սեփական արբանյակներն ու տիեզերական սարքերը տիեզերք արձակել իր տիեզերակայանից», — նշել է նա։
Քաջըրը նաև հայտնել է, որ Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի շրջանակում նախատեսվում է ստեղծել տիեզերական տեխնոպարկ, որտեղ կկենտրոնացվեն տիեզերական ոլորտում մշակումներով զբաղվող բոլոր կառույցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան սկսել է Սոմալիում սեփական տիեզերակայանի կառուցումը։ Նախագծում ներդրումների ծավալը գնահատվում է 350 մլն դոլար։ «Türkiye» թերթի տվյալներով՝ տիեզերակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։
Ըստ պարբերականի՝ տիեզերակայանը նախատեսվում է օգտագործել ինչպես քաղաքացիական նպատակներով, այնպես էլ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման համար։