Կողմերի հնարավորությունները հավասար են․ Պերկովիչ

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» շվեյցարական «Տուրբիյոն» մարզադաշտում ուժերը կչափի «Սյոնի» հետ։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 2:2 հաշվով։

Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը պատասխանել է լրագրողների հարցերին․

«Չեմ կարծում, որ «Սյոնի» մասին խոսակցությունները լրացուցիչ ճնշում են գործադրում թիմի վրա։ Տղաները տեղյակ են «Սյոնի» թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերին։ Մենք մանրամասն վերլուծել ենք մրցակցին, հանդիպում ենք անցկացրել, և ֆուտբոլիստներն ամեն ինչ գիտեն։

Չեմ էլ կարծում, որ նման դետալները հավելյալ մոտիվացիա են հաղորդում։ Իմ անձնական կարծիքով՝ այսպիսի հանդիպումներում ֆուտբոլիստները լրացուցիչ մոտիվացիայի կարիք չունեն, նրանք առանց այդ էլ գերմոտիվացված են։ Սա մեծ խաղ է, լուրջ մրցակից, մեծ բեմ և եվրոպական մրցաշար, այնպես որ նրանց տրամադրվածությունը բավականաչափ բարձր է։

Մենք հնարավորինս լավ ենք նախապատրաստվել։ Լիովին համամիտ եմ «Սյոնի» գլխավոր մարզչի հետ. կողմերի հնարավորությունները հավասար են։ Անհամբերությամբ ենք սպասում այս հանդիպման մեկնարկին»,- նշել է խորվաթ մասնագետը։

Leave a Comment