Բուլղարիայի սևծովյան Բուրգաս քաղաքն ընտրվել է «Եվրատեսիլ 2027» երգի միջազգային մրցույթի հյուրընկալող քաղաք։ Մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 11-ին և 13-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 15-ին։ Այս մասին հայտարարել են Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) և Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)։
71-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի «Արենա Բուրգասում»։ 2023 թվականին բացված մարզական և ժամանցային համալիրը Բուլղարիայում առաջին անգամ կընդունի մրցույթը։
Բուլղարիան «Եվրատեսիլը» հյուրընկալելու իրավունք է ստացել Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2026»-ում Բուլղարիայի ներկայացուցիչ DARA-ի հաղթանակի շնորհիվ։

Հյուրընկալող քաղաքի ընտրության մրցույթին մասնակցել է բուլղարական չորս քաղաք։ BNT-ի և EBU-ի ներկայացուցիչներից, ինչպես նաև «Եվրատեսիլի» կազմակերպման փորձ ունեցող միջազգային մասնագետներից կազմված աշխատանքային խումբն ուսումնասիրել է քաղաքների հայտերը, այցելել առաջարկվող մրցավայրեր և հանդիպումներ անցկացրել տեղական թիմերի հետ։
Կազմակերպիչների հաղորդմամբ՝ Բուրգասն ընտրվել է իր ընդհանուր առաջարկի շնորհիվ։ Հաշվի են առնվել մրցույթի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները, հյուրանոցային ենթակառուցվածքները, տրանսպորտային և միջազգային կապերը, ինչպես նաև քաղաքապետարանի պատրաստակամությունը։
Միաժամանակ նախատեսվում է, որ «Եվրատեսիլ 2027»-ի միջոցառումները չեն սահմանափակվի միայն Բուրգասով։ Հյուրընկալող քաղաքի կարգավիճակի համար հայտ ներկայացրած Սոֆիան, Պլովդիվը և Վառնան ևս կմասնակցեն մրցույթին ուղեկցող միջոցառումների ծրագրին։
Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովը մրցույթը հյուրընկալելը բացառիկ պատիվ է համարել՝ ընդգծելով, որ կազմակերպչական աշխատանքներում ներգրավվելու են ամբողջ տարածաշրջանի համայնքները, կրթական և մշակութային հաստատությունները, արվեստագետները, կամավորներն ու տեղական բիզնեսները։
«Խոսքը «Եվրատեսիլը» հյուրընկալող մեկ քաղաքի մասին չէ։ Սա Բուլղարիան է, որը հյուրընկալում է «Եվրատեսիլը՝ մի ամբողջ համայնք՝ միասնական և ոգեշնչված։ Մեր նպատակն է, որ Եվրոպան Բուլղարիան ճանաչի Բուրգասի միջոցով»,- ասել է Նիկոլովը։