Տաքսի պատվիրելու համար այսօր մի քանի վայրկյան է բավական։ Բայց նույնքան արագ ուղևորը չի կարող հասկանալ՝ ով է ղեկին, ինչ վիճակում է նա և արդյոք անվտանգ է նրա հետ ճանապարհ անցնելը։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցները պատմում են դեպքերի մասին, երբ մեքենայի վիճակից ու վարորդի պահվածքից հետո ճանապարհը ոչ թե հարմարավետ, այլ անհանգստացնող փորձառություն է դարձել։
Մեր զրուցակիցներից մեկը տաքսուց օգտվում է օրական մի քանի անգամ։ Ասում է՝ նախընտրում է ավելի բարձր դասի մեքենաներ, որովհետև մատչելի դասերում, իր փորձով, անվտանգության ու սպասարկման խնդիրներն ավելի հաճախ են հանդիպում։
«Նախ՝ դու աշխատանքից դուրս ես գալիս մաքուր, կոկիկ հագնված, իսկ մեքենան գալիս է այնքան կեղտոտ, անհասկանալի վիճակում ու հոտով, որ մտածում ես՝ մի կերպ նստեմ, որ տեղ հասնեմ։ Երկրորդ հերթին՝ վարորդների հագուկապը, մեքենայի մաքրությունը, արագ քշելը, առանց քեզ հարցնելու ծխելը ամենակարևոր ցուցիչներն են ինձ համար։ Ու եթե դիտողություն անես, պիտի կոնֆլիկտի բռնվես»։
Բայց մեքենայի մաքրությունը, արագ վարելը կամ ծխելը՝ մի կողմ։ Ավելի լուրջ հարց է, երբ ուղևորը վարորդի պահվածքը գնահատում է ագրեսիվ, անկանխատեսելի կամ պարզապես անհանգստացնող։
Մյուս զրուցակիցը պատմում է՝ վարորդի հետ վիճաբանել է, երբ վերջինս միջամտել է իր հեռախոսային խոսակցությանը։
«Եղել է, որ վարորդի հետ վիճաբանության մեջ եմ մտել, որովհետև շատ կոպիտ և ագրեսիվ խառնվել է իմ խոսակցությանը հեռախոսով։ Բացի դրանից, համացանցում շատ դեպքեր են լինում կապված նրա հետ, որ էկոնոմ դասի վարորդները շատ վատ են իրենց պահում, շատ վատ վարքագիծ են ցուցաբերում։ Դրանք էլ տեսնելով՝ ավելի շատ եմ վախենում»։
Մեկ այլ դեպք արդեն ուղևորի համար պարզապես տարօրինակ իրավիճակ չի եղել։ Տաքսու սրահում եղել են վախեցնող դիմակներ, իսկ վարորդի պահվածքն ուղևորին անհանգստացրել է ողջ ճանապարհին։
«Տաքսու մեջ վախենալու դիմակներ էին դրված՝ հենց նստատեղի վերևի հատվածում։ Խնդրել էի, որ հանվեն դրանք, սակայն չէին հանել։ Ամբողջ ընթացքում շատ սարսափելի ու տարօրինակ միջավայր էր, և նույնիսկ կասկածում եմ՝ տաքսիստի հոգեկան վիճակը նորմա՞լ էր, թե՞ ոչ, քանի որ նա նաև շատ տարօրինակ արտահայտություններ էր թույլ տալիս իրեն»։
Այստեղ մեկ կարևոր տարբերակում կա․ ուղևորի համար անհանգստացնող վարքագիծը դեռևս չի նշանակում, որ վարորդը հոգեկան խնդիր ունի։ Բայց հենց այստեղ է առաջանում վերահսկողության հարցը՝ ի՞նչ մեխանիզմ կա, որը պետք է ժամանակին բացահայտի ոչ ադեկվատ, ագրեսիվ կամ վտանգավոր վարքագիծը, եթե այն իսկապես առկա է։
«Ռադիոլուր»-ը դիմել է Առողջապահության նախարարություն՝ հասկանալու՝ ինչպիսի բժշկական զննություն է անցնում մարդը վարորդական իրավունք ստանալուց առաջ։ Որակի գլխավոր մասնագետ Կարինե Գաբրիելյանի խոսքով՝ առաջին հերթին ստուգվում է առողջապահական տեղեկատվական բազան՝ քաղաքացու համաձայնությամբ։ Եթե համակարգում հակացուցում չկա, որոշ դեպքերում լրացուցիչ բժշկական ստուգման անհրաժեշտություն չի առաջանում։
«Մուտք են գործում համակարգ, ստուգում են՝ եթե ոչ մի հակացուցում չկա հոգեկան հիվանդությունների, թմրանյութերի հետ կախվածության հետ կապված։ Եթե հակացուցում չկա, հաջորդ քայլով բանավոր են հարցնում՝ որևէ հիվանդություն ունե՞ք ներքին օրգանների հետ կապված։ Եթե ակնհայտ որևէ խնդիր չկա, տեսողության, լսողության խանգարում, չեն էլ ուղարկում բժշկական հավատարմագրման»։
Այսինքն՝ վարորդական իրավունք ստանալը և տաքսի ուղևորներ տեղափոխելու համար վարորդի պիտանիության վերահսկողությունը նույն գործընթացը չեն։
«Ռադիոլուր»-ը կապ է հաստատել ամենամեծ առցանց տաքսի ծառայություններից մեկի հետ։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վարորդների գրանցումը հիմնականում առցանց է, և սովորական դասերի վարորդների դեպքում նախնական բժշկական ստուգում չի պահանջվում։
«Որպես էդպիսին՝ վարորդ ընտրելիս ինչ-որ մի կերպ չի վերահսկվում, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ, ով ունի վարորդական վկայական, ի սկզբանե կարող է դառնալ վարորդ»։
Բարձր դասերի դեպքում, ընկերության փոխանցմամբ, գործում են լրացուցիչ ստուգումներ, թեստավորումներ և հարցազրույցներ։ Ստացվում է՝ մատչելի տաքսու ուղևորը կարող է հայտնվել մի մեքենայում, որի վարորդի բժշկական վիճակի, վարքային առանձնահատկությունների կամ հոգեբանական հավասարակշռության մասին հարթակը որևէ առանձին գնահատական չի տալիս։ Ընկերությունը պնդում է՝ վարորդների վարքն ամբողջությամբ վերահսկել հնարավոր չէ։ Մեքենաների մաքրությունն ու վիճակը ստուգելու համար կիրառվում է նաև «գաղտնի գնորդի» մեթոդը։ Ցածր սակագնի դեպքում, ընկերության պարզաբանմամբ, կարող են սպասարկվել ավելի հին մեքենաներ։
«Ցածր սակագնի դեպքում հիմնականում 98 թվականից սկսված և ոչ այնքան լավ վիճակում գտնվող մեքենաներ են։ Ինչ վերաբերում է մեքենաների մաքրությանը և նման այլ խնդիրներին, ապա դրանք ստուգելու համար հաճախ կիրառվում է «գաղտնի գնորդի» մեթոդը»։
Բայց եթե վարորդը հայհոյում է, ագրեսիվ է կամ նույնիսկ իրավախախտում է կատարում ուղևորի նկատմամբ, ընկերությունը դա իր անմիջական պատասխանատվության շրջանակում չի դիտարկում և խորհուրդ է տալիս դիմել ոստիկանություն։
Այսինքն՝ խնդրի դեպքում ուղևորը հաճախ հայտնվում է երեք տարբեր համակարգերի սահմանագծին՝ վարորդական իրավունքի պետական վերահսկողություն, տաքսի հարթակի ներքին կանոններ և իրավապահների արձագանք։ Իսկ այդ երեքի արանքում մնում է ամենակարևոր հարցը՝ ո՞վ է պատասխանատու այն պահի համար, երբ ուղևորը նստում է մեքենա, և ճանապարհը դեռ չի ավարտվել, բայց արդեն իրեն անվտանգ չի զգում։