Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Խորհրդարանի՝ օգոստոսի 13-ի նիստում քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Պատգամավորը խոսել է նաև թեկնածուի մարդկային և մասնագիտական որակների մասին, վստահեցրել, որ վերջինս իր գործունեությամբ կարողացել է առաջ մղել ՀՀ օրակարգերը և պաշտպանել մեր երկրի շահը։

Թեկնածու Սարգիս Խանդանյանը ելույթի սկզբում շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին՝ «Քաղաքացիական պայմանագրին» վստահելու և Կառավարություն ձևավորելու մանդատ տալու համար, ապա՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու և այս պաշտոնը կրկին իրեն վստահելու համար։

Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ իր՝ ութերորդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ղեկավարելու ժամանակահատվածը համընկել է Հայաստանի արտաքին քաղաքականության համար շրջադարձային ժամանակաշրջանի հետ․ այս տարիներին ձևակերպվել և առաջ է մղվել հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականության հայեցակարգը, ձևավորվել են խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքները, որոնք քաղաքական հայտարարություններից վերածվել են գործնական քաղաքականության և արդյունքների։

«Որպես հանձնաժողովի նախագահ՝ իմ հիմնական խնդիրներից եմ համարել աջակցել ՀՀ արտաքին քաղաքականության իրագործմանը, ներկայացնել և բացատրել այն մեր միջազգային գործընկերներին, ձևավորել դրա շուրջ հնարավորինս լայն համախոհություն երկկողմ և բազմակողմ խորհրդարանական հարթակներում և դրանով նպաստել ՀՀ դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդմանը։ Ձեր վստահությանը կրկին արժանանալուց հետո շարունակելու եմ սա համարել իմ աշխատանքային առաջնահերթությունը»,- համոզմունք է հայտնել թեկնածուն ու հավելել․ «Այս աշխատանքի առանցքային ուղերձը հետևյալն է՝ Հայաստանը հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր է, Հայաստանը սպառնալիք չէ որևէ պետության համար և չի կարող իրեն դրսևերել որպես այդպիսին։ Հայաստանի շահը խաղաղ, կայուն, փոխկապակցված և համագործակցային միջավայր ունենալն է։ Այսօր կարող ենք արձանագրել, որ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունն ապացուցել է իր արդյունավետությունը։ Հետևաբար՝ խորհրդարանական դիվանագիտության մեջ ևս անհրաժեշտ է հետևողականորեն առաջնորդվել այս ռազմավարությամբ»։

Թեկնածուն ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի ու մեր երկրի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը, խոսել միջազգային կառույցներում հետագա աշխատանքի վերաբերյալ։

Սարգիս Խանդանյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։

Leave a Comment