Հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը 13.9 մլրդ դոլար է՝ առանց ԿԲ-ի պարտքի

2026 թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13.9 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, տարեսկզբի համեմատ պետական պարտքը մնացել է գրեթե նույն մակարդակին։ 

Այն հիմնականում Կառավարության պարտքն է, և շատ փոքր մաս՝ համայնքների պարտքը։ Այս տարվանից նախարարությունը պարտքի կազմից հանել է և այլևս դրանում չի ներառում Կենտրոնական բանկի պարտքը։ 

Մասնավորապես, Կառավարության ներքին պարտքը կազմել է 7.3 մլրդ դոլար (կամ 2.7 տրլն դրամ)՝ տարեսկզբի համեմատ նվազելով 87 մլն դոլարով։ Փոխարենը 82 մլն դոլարով ավելացել է արտաքին պարտքը՝ կազմելով 6.6 մլրդ դոլար։

Տարեկան ամփոփ տվյալներով՝ ներքին և արտաքին պետական պարտքերը գրեթե հավասարվել էին 2024 թվականին, իսկ արդեն 2025 թվականից ներքին պարտքը գերազանցում է արտաքինին։

Արտաքին պարտքը մեծ մասամբ այն վարկերն են, որոնք Հայաստանը վերցնում է միջազգային կազմակերպություններից ու տարբեր երկրներից։ Այս պահի դրությամբ ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է՝ ի դեմս Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) և Զարգացման միջազգային ընկերակցության (IDA)։

Մինչև 2026 թվականը Կենտրոնական բանկի պարտքը ևս հաշվարկվում էր պետական պարտքի մեջ։ Ֆինանսների նախարարությունը փոխեց պարտքի դասակարգումը, և ԿԲ-ի արտաքին պարտքը հանվեց ընդհանուր պետական պարտքի կազմից։ Պատճառաբանությունը միջազգային չափանիշների պահանջներն էին։

Դրա արդյունքում մեխանիկորեն արտաքին պարտքի ցուցանիշը նվազեց։ Այս տարվա հունիսի վերջի դրությամբ ԿԲ-ի արտաքին պարտքը կազմել է գրեթե 463 մլն դոլար։ Եթե դա ևս դիտարկենք պետական պարտքի հետ, ընդհանուր պարտքը կկազմի 14.4 մլրդ դոլար։

Իսկ ներքին պարտքը գոյանում է հիմնականում խոշոր ֆինանսական կազմակերպությունների և քաղաքացիների կողմից պետական գանձապետական պարտատոմսեր գնելու արդյունքում։ Նախորդ վերլուծությամբ պարզել ենք, որ ներքին աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը պարտք են տալիս հիմնականում բանկերը, փոքր չէ նաև կենսաթոշակային ֆոնդերից վերցրած պարտքը։ Պետությունը թողարկում է պարտատոմսեր, նշված կառույցները գնում են այդ արժեթղթերը, որի փոխարեն պետությունը խոստանում է պայմանավորված ժամկետում վերադարձնել գումարը և վճարել տոկոսները։

Ըստ պետական բյուջեի և Կառավարության հայտարարությունների՝ պետական պարտքը կշարունակի աճել։ 

Օրեր առաջ Կառավարությունը հայտարարեց, որ 350 մլն դոլարի նոր վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment