
Ճապոնիան Ռուսաստանին վճռական բողոք է հայտնել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հարավային Կուրիլյան կղզիներից Իտուրուպ կղզի կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ շեշտվում է Ճապոնիայի դիրքորոշումը, որը Կուրիլյան շղթայի չորս կղզիներն անվանում է իր «հյուսիսային տարածքներ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահը Սախալինի մարզ կատարած այցի ընթացքում Իտուրուպ կղզում այցելել է «Յասնի» ձկնավերամշակման գործարան։
Ճապոնիան հավակնում է Կուրիլյան կղզաշղթայի հարավային չորս կղզիներին՝ Իտուրուպին, Կունաշիրին, Շիկոտանին և Հաբոմային, հղում կատարելով 1855 թվականի առևտրի և սահմանների մասին պայմանագրին։ Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են ԽՍՀՄ կազմի մեջ, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի միջազգային իրավական ձևակերպում, կասկածի ենթակա չէ։