2026-ի ընդունելության միտումները. ինչո՞ւ են երիտասարդները կրկին ընտրում մանկավարժական կրթությունը․ «Դպրություն»

Թեև 2026 թվականի ընդունելության գործընթացը դեռ շարունակվում է, այդ թվում՝ հեռակա ուսուցման համակարգում, արդեն իսկ կարելի է խոսել ձևավորվող միտումների, դիմորդների նախասիրությունների, ոլորտի առջև ծառացած մարտահրավերների և սպասումների մասին։

Մանկավարժական կրթությունը շարունակում է մնալ պետության առաջնահերթություններից մեկը, իսկ բուհական ընդունելության ընթացքը լավ առիթ է հասկանալու, թե որքանո՞վ է երիտասարդների շրջանում պահպանվում հետաքրքրությունը մանկավարժի մասնագիտության նկատմամբ։

«Այսօր արդեն մեր առաջին կուրս ընդունված ուսանողը, հենց առաջին կուրսից ուսուցանվում է կրթական համակարգում տեղի ունեցած բոլոր փոփոխություններով և նորամուծություններով կազմաված կրթական ծրագրերով։ Մենք ամեն քայլ անում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանի շրջանավարտը մտնի դպրոց՝ այսօրվա արագ տեղի ունեցող բոլոր փոփոխություններին տեղեկացված, այլապես հնարավոր չէ, նա անելիք չունի դպրոցում։ Այդ փոփոխությունների մեծ մասի կրողը պետք է լինի մանկավարժական համալսարանը։Ավելին, մեր ուսանողների համար ստեղծվել է հնարավորություն, որ նրանք, դեռևս դպրոց չմտած և աշխատանքի չընդունված, կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման քննությանը։ Մենք էլ մեր հերթին բավարարված կլինենք այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր շրջանավարտը հաջողությամբ անցնում է այն ճանապարհը, որին միտված է մեր համալսարանի առաքելությունը, և իր գիտելիքներն ու կարողությունները ներդնում է կրթության զարգացման գործում»,- ասում է ՀՊՄՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։

Այսօր կարևոր է ոչ միայն ուսանող ընդունելը, այլև ապահովել նրա մասնագիտական կայացումը։ Նաև շատ կարևոր է, որ Մանկավարժական համալսարանը համալրվի կրթության ոլորտը գիտակցաբար ընտրած, մոտիվացված և ստեղծագործ երիտասարդներով։   

                                                        

Leave a Comment