Ուկրաինային անհրաժեշտ է ԱՄՆ-ի Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռային պաշարների առնվազն 5%-ը՝ առաջիկա ձմռանը ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ներկայումս Patriot համակարգերի համար հակահրթիռային համակարգերի խիստ պակաս ունի, քանի որ Ռուսաստանն ակտիվացրել է բալիստիկ հրթիռներով հարձակումները։
«Եթե նրանք մեզ վաճառեն 5%-ը, մենք կկարողանանք հաղթահարել ձմեռը և փրկել մարդկանց կյանքերը։ Եթե կարողանան վաճառել 10%-ը, մենք կկարողանանք խոցել ռուսական բոլոր բալիստիկ հրթիռները։ Ես ունեմ 1%-ը»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ ժամանակը սահմանափակ է, և Կիևը ընդամենը մի քանի ամիս ունի՝ հակաօդային պաշտպանության համար անհրաժեշտ քանակությամբ հրթիռներ ձեռք բերելու համար։ Նրա խոսքով՝ այս տարի Ուկրաինան ունի մոտ 2,5 անգամ ավելի քիչ Patriot, քան 2025 թվականին, այն դեպքում, երբ Ռուսաստանը ամսական մոտ երկու անգամ ավելի շատ բալիստիկ հրթիռ է արձակում։
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ դաշնակիցների հետ ինտենսիվ բանակցություններ է վարում լրացուցիչ հրթիռների մատակարարման շուրջ՝ նշելով, որ դրանց որոշ մանրամասներ չի կարող հրապարակել։
«Ես անում եմ բաներ, որոնց մասին նույնիսկ չեմ կարող խոսել։ Դա չի նշանակում, որ դրանք անօրինական են, պարզապես ես չեմ կարող դրանց մասին պատմել»,-ասել է Զելենսկին։