Բժշկական բարձր ռիսկայնություն ունեցող որոշ արտադրատեսակներ, այդ թվում՝ ֆիլերներ և ներհոդային ներարկման համար նախատեսված սինովիալ հեղուկի փոխարինիչներ, գործող կարգավորմամբ դուրս են մնացել հավաստագրման ենթակա ապրանքների ցանկից։ Կառավարության առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է լրացնել ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ցանկը՝ այդ արտադրատեսակների ներմուծման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև բժշկական արտադրատեսակներ ներմուծողների կողմից ստացված առաջարկների հիման վրա լրացումների կատարման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) փաստացի կիրառմամբ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգավորման գործընթացը: Որոշման կիրառման ընթացքում հավաքագրվել են առաջարկներ, դիտողություններ, ինչպես նաև իրականացվել է համապատասխան վերլուծություններ։ Այս ընթացքում պարզվել են որոշ ԱՏԳ ԱԱ ծածկագրեր, որոնց ներքո ներմուծվում են բարձր ռիսկայնություն ունեցող բժշկական արտադրատեսակներ (ներհոդային ներարկման համար նախատեսված սինովիալ հեղուկի փոխարինիչներ, ներմաշկային ներարկման համար նախատեսված լցանյութեր՝ ֆիլերներ), դուրս են մնացել Որոշմամբ ամրագրված ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ցանկում և հետևաբար չեն ենթարկվում հավաստագրման։
Կարգավորման նպատակը և բնույթը.
««Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Որոշմամբ ամրագրված ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ցանկի լրամշաումն է, ինչը կապահովի նաև բացակայող ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ներքո ներմուծվող բժշկական արտադրատեսակների ներմուծման վերահսկողություն հնարավորությունը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակումն իրականացվել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության և ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ 2026 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից: