ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի դեմ քրեական գործի շրջանակում Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալյա Աբգարյանին հարցաքննելու ծրագրերը։ Համապատասխան հայտարարությամբ գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել oգոստոսի 12-ին՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր, փաստաբան Լիաննա Գասպարյանը օգոստոսի 12-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը ծրագրում է Աբգարյանին հարցաքննել որպես վկա՝ Ղումաշյանի դեմ քրեական գործով։ Նա ընդգծել է, որ դատական նիստը լինելու է բաց, դրա շրջանակում հարցաքննելու են Ղումաշյանին և Աբգարյանին։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Աբգարյանի հարցաքննությունը ծրագրված էր oգոստոսի 11-ի դատական նիստին, սակայն վետերանի առողջական վիճակի պատճառով դատարանը որոշել է այն տեղափոխել հաջորդ նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Զախարովան հայտարարել է, որ այն դիտարկում է «Երևանի քայլերի շարքի համատեքստում», որոնք, նրա խոսքով, վկայում են վետերանների նկատմամբ հարգանքից և պատմական հիշողությունից հեռանալու մասին։
«Ավելի ակնհայտ վկայություն այն բանի, թե ինչ բարոյական և հոգևոր քայքայման է տանում ժամանակակից անդեմ, բարոյապես աղքատ Եվրոպայի հետ մերձեցումը և եղբայրացումը Կիևի նեոնացիստական ռեժիմի հետ, բարդ է գտնել»,- հայտարարել է Զախարովան։
Նա նաև հիշատակել է նացիստներին արդարացնելու հրապարակային փորձերը և Հայաստանի վետերանների միության նախագահի տնային կալանքը՝ հայտարարելով, որ այժմ ««դեմոկրատական» եվրոպական չափանիշներին անցնող հայկական արդարադատությունը հասել է Աբգարյանին»։
Զախարովան ընդգծել է, որ Աբգարյանը և Հայրենական մեծ պատերազմի մյուս վետերանները «պատմական հիշողության, համամարդկային արժեքների և բարոյական ուղենիշների պահապաններն են»։
«Այնպիսի վաստակաշատ մարդիկ, ինչպիսին Ռոզալյա Սերգեևնան է, հպարտություն են բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են «դարչնագույն ժանտախտի» դեմ հաղթանակի իսկական իմաստը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հանդիպել է Աբգարյանի և մյուս վետերանների հետ, այդ թվում՝ Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ։
«Երևի Երևանի բարձր կաբինետներում մոռացել են դրա մասին։ Ինչպես մոռացել են նաև այն մասին, որ հանրապետության բարձրագույն ղեկավարությունը մի քանի անգամ «տեսախցիկների առջև» հանդիպել է Ռոզալյա Սերգեևնա Աբգարյանի և Հայրենական մեծ պատերազմի մյուս վետերանների հետ, այդ թվում՝ Մոսկվայում»,- ասել է դիվանագետը։
Զախարովան հայտարարել է, որ չի կասկածում հարցաքննությանը դիմակայելու Աբգարյանի կարողությանը։
«Բայց պարզ է նաև մեկ այլ բան՝ նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի հիշատակը և եկեղեցին, սրբություն չի մնացել»,- եզրափակել է Զախարովան։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն ապրիլի 14-ին հայտնել էին, որ Ղումաշյանը ձերբակալվել է ընտրությունների նախաշեմին բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքը խախտելու կասկածով։ Ուժայինները հրապարակել էին ձայնագրության մի հատված, որտեղ, քննության պնդմամբ, Ղումաշյանը քննարկում է վետերանի համար հեռուստացույց գնելու հարցը Աբգարյանի ազգական ներկայացած անձի հետ։ Քննությունը համարում է, որ այդ խոսակցությունը հաստատում է նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու վարկածը։ Ղումաշյանը հայտարարել է, որ հեռուստացույցը Աբգարյանին խոստացված էր որպես ծննդյան նվեր իր գլխավորած «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության կողմից, այլ ոչ թե նախընտրական արշավի կամ բարեգործական ակցիայի շրջանակում։
Ավելի ուշ Ղումաշյանն ու կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանն ազատ էին արձակվել, դատարանը նրանց նկատմամբ կիրառել էր վարչական հսկողություն։
Ղումաշյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն իր դեմ սկսել են վարկաբեկման արշավ։ Նրա խոսքով՝ 2018 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը, որի միջոցով օգնություն է ցուցաբերել բոլոր հայ վետերաններին, այդ թվում՝ Հայաստանի միակ կին վետերան Աբգարյանին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը պարզաբանել է, որ Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունում խոսքը Աբգարյանին ծննդյան օրվա առթիվ նվեր տալու մասին է։ Նրա խոսքով՝ իրավաբանները խորհուրդ են տվել հրաժարվել նվերներ հանձնելուց, և վետերանին այցելելիս նա միայն քաղցրավենիք է տարել։
