Ավագ դպրոց ընտրելու «վայրկյանների խաղը»․ ինչո՞ւ են տեղերն արագ սպառվում

Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուր»

Ավագ դպրոց ընտրելիս այս տարի որոշ ընտանիքների համար մրցակցությունը սկսվել է դեռ ուսումնական տարվա մեկնարկից առաջ։ Հայտերի ընդունման առաջին օրերին որոշ դպրոցներում տեղերը սպառվել են մի քանի րոպեում։ Այսինքն՝ նախընտրած դպրոցում հայտնվելու համար երբեմն որոշիչ է եղել ոչ միայն երեխայի ցանկությունը, այլև այն, թե ով է առաջինը հասցրել հայտը ներկայացնել։ Ինչո՞ւ են որոշ դպրոցներ այդքան պահանջված, և ի՞նչ է տեղի ունենում, եթե տեղ չի մնում։

Համակարգը բացվել է, իսկ որոշ դպրոցներում տեղերը՝ գրեթե անմիջապես փակվել։ Ծնողներից ոմանք իրենց ցանկացած դպրոցն ընտրել են, բայց արդեն ուշ է եղել։

Ծնողներից մեկը պատմում է․ «Օգոստոսի 5-ին համակարգով փորձել ենք երեխային գրանցել 139 ավագ դպրոց, որովհետև երեխայի նախընտրությունը այդ դպրոցի վրա էր, չի ստացվել, քանի որ արդեն տեղերը լրացված էին, ստիպված ընտրել ենք մի այլ դպրոց, որը ոչ այդքան հարմար է և՛ տեղանքով, և՛ երեխայի նախընտրությամբ»։

Այս արագ մրցակցության պատճառը համակարգի աշխատանքի տրամաբանությունն է․ դպրոցներում տեղերի թիվը նախապես սահմանված է, իսկ ընդհանուր փուլում գործում է առաջինը հայտ ներկայացնելու սկզբունքը։ Ընդունելությունը երեք փուլով է։ Հուլիսի 20-ին մեկնարկել էր առաջին փուլը՝ արտոնություն ունեցող երեխաների համար, իսկ օգոստոսի 4-ից սկսվել է ընդհանուր ընդունելությունը։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը «Ռադիոլուր»-ին պարզաբանում է․ «Առաջին փուլը ավագ դպրոցների դեպքում մեկնարկել էր հուլիսի 20-ին և այդ ընթացքում հնարավորություն ունեին հայտագրվելու այն երեխաները, ովքեր որոշակի արտոնություններ ունեին։ Այս երեխաները առաջին փուլով հուլիսի 20-ից սկսած կարող էին հայտագրում իրականացնել մինչև այս ամսվա 4-ը, երբ մեկնարկեց արդեն 2-րդ փուլը, որը վերաբերում էր ընդհանուր առմամբ բոլոր աշակերտներին»։

Թվերն էլ ցույց են տալիս, թե որքան արագ է աճել պահանջարկը։ Առաջին փուլում հայտագրվել է 1․012 աշակերտ, իսկ ընդհանուր փուլի մեկնարկից հետո՝ ևս 6․312-ը։

«Առաջին փուլով, այսինքն՝ արտոնություն ունեցող երեխաների հայտագրման ընթացքում արդեն հայտագրվել է 1012 աշակերտ և 2-րդ փուլի մեկնարկից հետո մինչ օրս արդեն հայտագրվել է 6312 աշակերտ»։

Բայց այս հազարավոր հայտերը հավասարաչափ չեն բաշխվում։ Որոշ դպրոցներում ազատ տեղերը լրացվում են րոպեների ընթացքում։ Ինչո՞ւ հենց այդ դպրոցները․

«Դրանք, որպես կանոն, ավելի բարձր վարկանիշ ունեցող կամ օրինակ նոր վերանորոգված, նոր հիմնանորոգված դպրոցներն են»։

Այսինքն՝ հեղինակությունը, պայմաններն ու նորոգված շենքը կարող են դպրոցը դարձնել ավելի պահանջված։ Իսկ պահանջարկը բախվում է մի շատ պարզ սահմանափակման՝ տեղերի քանակին․

«Տեղերը սահմանվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուսումնական հաստատության լիցենզիաների հիման վրա, այսինքն՝ էստեղ հաստատուն թվեր են և ով հասցրեց առաջինը հայտագրվել ընդունվում է դպրոց, այսինքն՝ էս մասով, կարծես թե 2-րդ տարբերակ լինել չի կարող»։

Ու հենց սա է ծնողների հիմնական խնդիրը․ եթե նախընտրած դպրոցում տեղը զբաղեցվել է, ընտրությունը կարող է փոխվել ոչ թե երեխայի ցանկությամբ, այլ հասանելի տեղով։ ԿՏԱԿ-ից, սակայն, շեշտում են՝ համակարգը նախատեսված է այնպես, որ որևէ երեխա առանց դպրոցի չմնա։

Ձայն «Բոլոր երեխաների համար կա նախատեսված տեղեր, այսինքն՝ հնարավոր չի լինի այնպիսի աշակերտ, ով փորձել է հայտագրվել և իր համար որևէ դպրոցում տեղ չի եղել։ Ցանկացած դպրոցը նախընտրելի, ոչ նախընտրելի ունի հստակ սահմանված տեղեր և էդ տեղերի քանակը սպառվելուն պես մենք առաջարկում ենք ծնողներին հայտագրել իրենց երեխային համայնքային այլ դպրոցում, որը իրենց բնակության վայրին ավելի մոտ կլինի»։

Այսինքն՝ համակարգը երաշխավորում է դպրոցում տեղ, բայց ոչ պարտադիր հենց այն դպրոցում, որը ընտանիքն է նախընտրել։

Ի վերջո, ավագ դպրոց ընտրելու այս տարվա պատկերը կարելի է այսպես նկարագրել․ դպրոցում տեղ կլինի, բայց նախընտրած դպրոցում տեղը պետք է հասցնել «վերցնել»։ Իսկ թե որ դպրոցն է ավելի պահանջված, որոշում են ոչ միայն երեխաներն ու ծնողները, այլև դպրոցի վարկանիշը, պայմաններն ու վայրը։

Leave a Comment