«Հրեշտակ է»․ նորածնին գտած Նարեկը որոշել է նրան Անգել անվանել․ ԶԼՄ – armeniatoday.am

Երևանի Հալաբյան փողոցում նորածին աղջկան հայտնաբերած Նարեկ Պետրոսյանը որոշել է աղջկան Անգել կոչել, MediaHub-ի հետ զրույցում ասել է Հալաբյան փողոցի բնակիչ Պետրոսյանը, որը հենց իրենց շենքի տակ էր հայտնաբերել փոքրիկին։

Նա կայքին պատմել է, որ խոստացել է տեր կանգնել աղջկան և միշտ աջակցել։

«Արդեն նույնիսկ անունն եմ որոշել՝ Անգել։ Նա իսկական հրեշտակ է»,- նշել է նա։

Պետրոսյանը փոքրիկին գտնելուց հետո նաև տեսակցում է նրան՝ այցելելով Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն։

«Երեկ էլ եմ գնացել։ Նոր հագուստ եմ գնել, նորածնին անհրաժեշտ բոլոր պարագաներն եմ տարել։ Հիմա էլ եմ գնում հիվանդանոց։ Ասացին՝ մոտ 20 օրից դուրս կգրեն, և ես արդեն դրան եմ պատրաստվում»,- պատմել է նա։

Նարեկի ընտանիքում, սակայն, այս պահին երեխային որդեգրելու հարց չի քննարկվում։ Նա ունի 4-ամյա որդի։ Նրա կինը ևս ցանկանում է, որ ընտանիքը հնարավորինս աջակցի փոքրիկին և տեր կանգնի նրան, սակայն, ինչպես Նարեկն է ասում, որդեգրման մասին որոշում կայացնելու համար կինը դեռ հոգեբանորեն պատրաստ չէ։

«Այդ հարցը չենք քննարկում։ Հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք երեխա չունեն և հերթագրված են որդեգրման համար։ Եթե կա ընտանիք, որը երկար տարիներ սպասում է երեխայի, կարծում եմ՝ պետք է այդ հանգամանքն էլ հաշվի առնել։ Մենք մեր կողմից պատրաստ ենք անել ամեն ինչի, որպեսզի Անգելը խնամված լինի և իրեն երբեք միայնակ չզգա»,- ասել է Նարեկը։

Օգոստոսի 10-ին Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ՝ շորի մեջ փաթաթված։ Երեխային տեղափոխել էին հիվանդանոց։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նորածինը հայտնաբերվել է շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նրան առաջինը նկատել է Պետրոսյանը և ահազանգել շտապօգնություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment