Հայաստանն արդեն իսկ հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի շահագործումը երկարաձգում է մինչև 2036 թվականը, իսկ մինչև դա քայլեր կարկվեն նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ․ խորհրդարանական ճեպազրույցում այսպես է արձագանքել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Հայաստանի ատոմակայանը վաղ, թե ուշ պետք է փակվի։
Պատգամավորը հավելել է, որ ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաև 2017 թվականին ստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։ Արդեն իսկ որոշվել է, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային։ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում 5 երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։
Մեծամորի ատոմակայանն անվտանգ է տարածաշրջանի համար․ հայկական կողմն այսպես է արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Մեծամորի ատոմակայանի շահագործման մասին Թուրքիայի հայտարարություններին միացել է նաև Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Կայանը հնացած է, և դա պոտենցիալ վտանգ է ողջ տարածաշրջանի համար»։
Հայկական ատոմակայանի անվտանգությունը ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթություն է․ մեկ անգամ չէ, որ այս մասին հայտարարում է պաշտոնական Երևանը։ Հայաստանի վարչապետը շեշտում է դրա առանցքային դերը երկրի էներգետիկ անվտանգության հարցում․
«Հայաստանը շահագործում է ՀԱԷԿ-ը՝ ատոմային էներգիայի անվտանգության միջազգային չափանիշների խստիվ պահպանմամբ։ Ինչը փաստում է միջուկային կամ ճառագայթային խնդիրների բացակայությունը»։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները պարբերաբար գնահատում են կայանի ներկա վիճակը։ Վերջին այցի ժամանակ նույնպես նրանք ընդգծել էին, որ կայանը վտանգավոր չէ։ Իսկ գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին ՀԱԷԿ այցելելուց հետո սոցցանցում գրել էր․
«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարելու ապահով և անվտանգ»։
Հայկական փորձագետները նույնպես հղում են անում ԱԷՄԳ ղեկավարի հայտարարություններին։ Էներգետիկ հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը ընդգծում է՝ ԱԷՄԳ-ն ատոմային էներգետիկայի և ատոմակայանների հարցերով զբաղվող միակ կարգավորող ու տեսչական մարմինն է․
«Երբ ԱԷՄԳ գլխավոր տնօրենը Հայաստանում էր, դա նաև, ըստ էության, տեսչական այց էր, որովհետև ինքը եղավ նաև բուն կայանում, ոչ միայն պաշտոնական հանդիպումներ ունեցավ։ Հենց կայանքի տարածքից հնչեցրեց, որ որպես ԱԷՄԳ ղեկավար չի զղջում, որ միշտ աջակցել է, տարիներ ի վեր կայանը շահագործվել է անխափան, և շատ ավելի հատկանշական է, որ ինքը նմանատիպ հայտարարություններ արել է նաև Ադրբեջանում այդ նույն տարում։ Ուղղակի պետք է ուշադիր լինել, որ այդ քաղաքական հայտարարությունները վատ զարգացումներ չունենան»։
Մեծամորի ատոմակայանի շահագործումը հստակ ժամկետ ունի՝ մինչև 2036 թվականը՝ հիշեցնում է ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը․
«Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, և այդ ժամկետը 2036-ն է։ Ալիևը չի արել այդ գյուտը․ դա որոշված փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետ է, 2036-ը մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետն է։ Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ մենք նոր ատոմակայան կառուցելու մասին ենք մտածում և բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ»։
Այն, որ ՀԱԷԿ շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, պարբերաբար հայտարարում են հայ մասնագետները։ Սրանով է, թերևս, պայմանավորված նաև, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտ գումարն արդեն տրամադրած է՝ 63 մրդ դրամ։ Գործող ԱԷԿ-ի կյանքը երկարաձգելու երկրորդ փուլով նախատեսվում է փոխարինել հովացման համակարգը։ Նոր համակարգի տեղադրման համար շրջանակային համաձայնություն է ձեռք բերվել ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ։
Ադրբեջանի նախագահը մեկ այլ հայտարարություն էլ է արել՝ այս անգամ TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գիծ անցկացնելու ծրագրի նախապատրաստման մասին։
Ադրբեջանական ն ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ալիևն ասել է, որ ադրբեջանցի մասնագետները արդեն իսկ վերլուծել ու որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Իսկ ինչպե՞ս են տեղորոշել՝ Հայաստանում եղել են, թե ոչ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյան․
«Եթե մենք ինչ-որ համատեղ նախագիծ ենք իրականացնում, մենք տարածաշրջանային կոմունիկացիա ենք ապաշրջափակում, դա գետնի վրա աշխատանք է՝ լանդշաֆտ, դիրք, տեղորոշում, հազար ու մի ենթակաոռւցվածքային տեխնիկական հարցեր կան։ Ես չեմ կարող այդ տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Բայց եթե վաղը պարզվի, որ հաստատվում է, շատ նորմալ կլինի։ Հակառակը նորմալ չէր լինի, երբ իրար հետ առանց խոսելու, պայմանավորվելու ամեն մեկը իր համար ենթակառուցվածքի իր հատվածը կառուցի, վերջում այդ երկու հատվածը, օրինակ, գնան ու սահմանի վրա իրար չկպնեն։ Դա նորմալ կլինի՞»։
Որքան շատ էներգիա ներկրվի ու արտահանվի, որքան ճանապարհները շատ ու բաց լինեն, այնքան դա Հայաստանի օգուտն է՝ ասում է Եղոյանն ու հավելում․
«Բայց դա կապ չունի ատոմակայանի հետ։ Եթե հարցը դիտարկում ենք ատոմակայանից անջատ, ընդհանրապես, գազ արտահանել, էլեկտրաէներգիա արտահանել կամ ներկրել, գիտեք, որ մենք ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Մենք որոշ սեզոնների Իրան ենք արտահանում, Վրաստան ենք արտահանում, էներգետիկ փոխանակությունը, առևտուրը, վաճառքը, գնումը, ինչպես մյուս ապրանքները ու ծառայությունները, չպետք է բացառություն լինի երկկողմ առևտրից»։
Վերլուծելով իրական հնարավորությունները՝ մասնագետներն ասում են, որ այս պահին ավելի իրատեսական է Հայաստան-Թուրքիա էներգետիկ գործակցությունը։ Էներգետիկ հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյան․
«Եթե խոսում ենք ավելի առարկայական Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան կամ այլ պետությունների հետ էլեկտրաէներգետիկական գործակցության մասին, իմ կարծիքով՝ Հայաստան-Թուրքիան առաջին հերթին ավելի հավանական է, այդ թվում՝ տեխնիկական իմաստով։ Հայաստան-Թուրքիա, ըստ էության, պրոցեսը սկսվել է դեռևս ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ։ Հայտնի պատճառներով ընդհատվեց։ Այդ ուղղությամբ էլեկտրամատակարարումն առաջին հերթին տեխնիկապես պետք է դիտարկվի Գյումրի-Կարս առանցքում»։
Ադրբեջանի մասով մասնագետն ընդգծում է՝ եթե Նախիջևանն ունի էլեկտրաէներգիայի պահանջարկ, ապա Հայաստանը կարող է հոսանք մատակարարել՝ ենթակառուցվածքային որոշակի կարգավորումներից հետո։ Արման Եղոյանն էլ հիշեցնում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին։ Կոնկրետ տվյալներ չի հայտնում, բայց հայեցակարգն է փոխանցում․ երկրների խտրականություն չկա, որքան մատակարարման աղբյուրները շատ լինեն, այնքան լավ։