«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ իրենց տեղեկություններով՝ վերջին երկու ամսվա ընթացքում ադրբեջանցի մասնագետներ են այցելել Մեղրիի տարբեր հատվածներ։ Կարապետյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանում ադրբեջանցի մասնագետների իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարությանը։ Ալիևի խոսքով՝ TRIPP-ի շրջանակում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագիծ մշակելու նպատակով մասնագետներն այցելել են Հայաստան և որոշել հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը։
Կարապետյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» ադրբեջանցի մասնագետների այցի մասին տեղեկացել է ոչ թե պետական մարմիններից, այլ իր ունեցած կապերի միջոցով։
«Մենք տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ և այցելություններ են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում»,- հստակեցրել է նա։
Նրա խոսքով՝ տեղեկությունը մտահոգություն է առաջացրել, ինչից հետո փորձել են պարզել մասնագետների այցի նպատակը և ստացել են պատասխան, որ այն կապված է Ալիևի նշած ծրագրերի հետ։ Այլ մանրամասներ Կարապետյանը չի հայտնել։
Անդրադառնալով Հայաստանի տարածքով Ադրբեջանից էլեկտրահաղորդման գծերի հնարավոր անցկացմանը՝ Կարապետյանն ընդգծել է, որ ցանկացած նման ծրագիր պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ և վճարովի հիմունքներով։
«Եթե մի երկիր՝ հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից, ցանկանում է Հայաստանի տարածքով ինչ-որ գիծ անցկացնել՝ տրանսպորտային, լոգիստիկ, պետք է ուղղակի վճարի մեր պետությանը, մեր ժողովրդին՝ մեր սուվերեն տարածքով գիծ անցկացնելու համար»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ եթե ծրագրով Հայաստանի ինքնիշխանության հետ կապված խնդիր չկա, ենթակառուցվածքները գտնվում են հայկական վերահսկողության ներքո, իսկ Հայաստանը ստանում է արդարացի վճար, նման առաջարկը կարելի է քննարկել։
Կարապետյանն ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստանը» Հայաստանի տարածքով նախատեսվող ճանապարհը չի համարում «միջանցք»։
«Դա ճանապարհ է, և կարծում եմ՝ մեր խոսույթներում դա պետք է անվանվի ճանապարհ։ Մենք համարում ենք, որ երբեք ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի և չի ունենալու»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով նաև Հայաստանի՝ Ադրբեջանից էլեկտրաէներգիա հնարավոր ներմուծելու հարցին՝ Կարապետյանը նշել է, որ այս պահին չի կարող գնահատական տալ նման տարբերակին։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանը հնարավորություն ունի զարգացնելու սեփական էներգետիկ հզորությունները, կառուցելու նոր ատոմակայան և ապագայում դառնալու էլեկտրաէներգիա արտահանող երկիր։
Ալիևը օգոստոսի 11-ին նաև հայտարարել էր, որ Հայաստանը «կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի», ուստի «էներգիայի լրացուցիչ աղբյուր ունենալը օգտակար կլինի նրա համար»։
