Արմեն Սաքապետոյանի գործով դատախազության վերահաշվարկում մի շարք վրիպակներ են մատնանշվել․ կողմը պահանջում է պարզաբանել դրանց ազդեցությունը հայցի չափի վրա

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 12-ին շարունակվեց Արմեն Սաքապետոյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը։ Դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, նրա և Ալեք Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև Արմեն Սաքապետոյանի, Մարիանա Մկրտչյանի և Հայկ Սաքապետոյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նիստի ընթացքում կողմերը շարունակեցին քննարկել Դատախազության կողմից ներկայացված՝ հայցի փոփոխության հիմքում դրված վերահաշվարկները։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձավ համեմատական Excel ֆայլում առկա թվային անհամապատասխանությունների հարցը, ինչպես նաև այն, թե այդ սխալները արդյոք կարող են ազդեցություն ունենալ հայցի վերջնական չափի վրա։

Դատարանը նախ վերադարձավ նախորդ նիստում բարձրացված հարցերից մեկին։ Դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը պարզաբանեց, որ ներկայացված հաշվարկներից մեկում ավանդի մնացորդի վերաբերյալ թիվը տեխնիկական վրիպակի հետևանքով սխալ է արտացոլվել։ Նրա խոսքով՝ տվյալ դեպքում իրական թիվը պետք է լիներ 75 մլն դրամ, իսկ սխալ թիվը համեմատական ֆայլում է հայտնվել մեկ տող ներքև։

Պատասխանող կողմը, սակայն, հարցրեց՝ եթե այդ վրիպակը հայտնվել է հաշվարկում, ապա ինչ ազդեցություն է ունեցել այն հետագա հաշվարկների վրա։ Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ վերջնական հաշվարկում ավանդի իրական՝ 75 մլն դրամ չափը ներառված է եղել, իսկ տարբերությունը մնացել է համեմատական ֆայլում։ Կողմը, սակայն, պնդեց, որ միայն «վրիպակ» արձանագրելը բավարար չէ, քանի որ սխալ թվի օգտագործումը, կախված հետագա հաշվարկներից, տեսականորեն կարող է ազդել նաև այլ գույքի կամ եկամուտների գնահատման վրա։

Նիստի ընթացքում Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ ուսումնասիրելով Դատախազության ներկայացրած համեմատական հաշվարկը՝ հայտնաբերել է բազմաթիվ դեպքեր, երբ նախկին և նոր հաշվարկների թվերը միմյանց հետ տրամաբանորեն չեն համադրվում։ Ըստ կողմի՝ խնդիրը միայն մեկ տեխնիկական վրիպակը չէ․ առանձին գործարքների վերաբերյալ թվերը, ըստ նրա, սխալ են տեղափոխվել աղյուսակի տարբեր սյունակներ, իսկ որոշ դեպքերում վերահաշվարկի բանաձևերում ևս առկա են անհամապատասխանություններ։

Նա շեշտեց, որ դատարանի պահանջած համեմատական հաշվարկի նպատակը պետք է լիներ ցույց տալը, թե ինչն է փոխվել նախորդ և նոր դիրքորոշումների միջև և որն է յուրաքանչյուր փոփոխության պատճառը, մինչդեռ ներկայացված աշխատանքային ֆայլից այդ տրամաբանությունը լիարժեք հասկանալ հնարավոր չէ։

Դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, իր հերթին, ներկայացված սխալների մի մասը բնորոշեց որպես տեխնիկական վրիպակներ և պնդեց, որ դրանք չեն նշանակում, թե վերջնական հաշվարկում համապատասխան գումարները սխալ են ներառվել։

Հարությունյանը, սակայն, շարունակեց պահանջել յուրաքանչյուր վիճահարույց տողի մասով հստակ նշել՝ որ թիվն է ճիշտ, որն է սխալ, և սխալն ինչ ազդեցություն է ունեցել կամ չի ունեցել հայցի չափի վրա։

Նիստի ընթացքում առանձին քննարկվեց նաև BMW մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման արժեքը։ Պատասխանող կողմը նշեց, որ ավտոմեքենայի ձեռքբերման վերաբերյալ իր կողմից ներկայացված հայտարարագրում հստակ նշված է 10 մլն դրամ արժեք, և այդ տվյալը ներկայացվել է նաև նախկին դիրքորոշումներում։

Դավիթ Մեյրոյանը նշեց, որ հայտարարագրում նշված տվյալն ինքնին բավարար հիմք չի համարվել, և գույքի շուկայական արժեքը պարզելու ուղղությամբ գործողություններ են իրականացվում։

Քննարկման ընթացքում նաև բարձրացվեց հարցը, թե արդյոք այդ հանգամանքը հետագայում կարող է հանգեցնել հայցի առարկայի փոփոխության։ Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը հնարավոր կլինի արտահայտել փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո։

Նիստում մանրամասն քննարկվեց նաև մեկ այլ փոխառության գործարք։ Դատախազության ներկայացմամբ՝ ներկայացված պայմանագրով նախատեսված է եղել 150 մլն դրամի փոխառություն, որից մոտ 19 մլն դրամը փոխանցվել է բանկային եղանակով, իսկ մոտ 130 մլն դրամը՝ կանխիկ։ Դատախազությունը բանկային փոխանցմամբ կատարված գումարը դիտարկել է որպես օրինական եկամուտ, մինչդեռ կանխիկ տրամադրված մասը չի համարել արժանահավատ։

Պատասխանող կողմը հարցրեց՝ եթե խոսքը նույն փոխառության պայմանագրի մասին է, ինչպե՞ս կարող է նույն պայմանագրից բխող գումարի մի մասը ճանաչվել օրինական, իսկ մյուս մասը՝ ոչ։

Դավիթ Մեյրոյանը պարզաբանեց, որ 19 մլն դրամի փոխանցման դեպքում բանկային գործարքի նպատակային դաշտում նշված է եղել փոխառության վերաբերյալ տեղեկություն, մինչդեռ կանխիկ մասի վերաբերյալ իրավասու մարմինը լրացուցիչ հանգամանքների պարզման անհրաժեշտություն է տեսել։

Կողմը այս մոտեցումը համեմատեց նախորդ նիստում քննարկված 300 մլն դրամի փոխառության հետ՝ պնդելով, որ երկու դեպքերում էլ առկա են փոխառության պայմանագիր, փոխանցման վերաբերյալ տվյալներ և կողմերի միջև իրավահարաբերության բացատրություն, սակայն դրանց նկատմամբ տարբեր գնահատականներ են տրվել։

Նիստի ընթացքում պատասխանող կողմը մի քանի օրինակով փորձեց պարզել Դատախազության կողմից կիրառվող չափանիշը։ Մասնավորապես՝ կողմը համեմատեց նախկինում օրինական գնահատված փոխառությունները այն գործարքների հետ, որոնք ներկայում Դատախազությունը այլ կերպ է գնահատում։ Նշվեց նաև կանխիկ եղանակով ստացված շուրջ 80-90 մլն դրամի փոխառության օրինակ, որը նախկինում գնահատվել էր օրինական։ Կողմը հարցրեց՝ արդյոք փոխառության չափն է որոշիչ հանգամանքը, և կա՞ արդյոք որևէ սահման, որից բարձր գումարի դեպքում գործարքը համարվում է առավել ռիսկային և պահանջում է լրացուցիչ ստուգումներ։

Դավիթ Մեյրոյանը չսահմանեց կոնկրետ դրամական շեմ՝ նշելով, որ յուրաքանչյուր գործարքի դեպքում առկա են գնահատման ենթակա այլ հանգամանքներ ևս։ Պատասխանող կողմը, սակայն, պնդեց, որ հենց այդ տարբերակման չափանիշն է անհրաժեշտ հասկանալ՝ հատկապես այն պայմաններում, երբ նախկինում նույն կամ նմանատիպ գործարքները գնահատվել են օրինական, իսկ այժմ դրանց նկատմամբ տրվել է այլ գնահատական։

Նիստի ավարտին Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց համար շարունակում է անհասկանալի մնալ Դատախազության դիրքորոշման փոփոխության ամբողջական տրամաբանությունը։  Նա նշեց, որ իրենց տրամադրված համեմատական աղյուսակը չի թույլ տալիս ամբողջությամբ բացահայտել երկրորդ և երրորդ հաշվարկների տարբերությունները, իսկ որոշ դեպքերում առկա են թվային վրիպակներ, որոնք, իրենց գնահատմամբ, կարող են ազդեցություն ունենալ հետագա հաշվարկների վրա։ Ներկայացուցիչը նաև նշել է, որ իրենց համար մինչ այժմ հստակ չէ, թե ինչ հանգամանքի փոփոխությամբ կամ ինչ իրավական հիմնավորմամբ է նախկինում ներկայացված պահանջի չափը էականորեն փոխվել։ Ըստ կողմի՝ դատարանում չի ներկայացվել հստակ իրավական հիմնավորում, թե ինչու նույն փաստաթղթերի և գործարքների նկատմամբ նախկինում տրված գնահատականները հետագայում փոխվել են։

Նիստում քննարկվեց նաև Դատախազությունում գտնվող՝ պատասխանող կողմի կողմից նախկինում ներկայացված փաստաթղթերի հարցը։ Կողմը խնդրեց դրանք տրամադրել կամ դատարանին ներկայացնել, որպեսզի հետագա դատական փուլերում կարողանա օգտագործել այդ փաստաթղթերը։ Դավիթ Մեյրոյանը հայտնեց, որ կճշտի համապատասխան փաստաթղթերի առկայությունը և կտրամադրի դրանք։ Այսպիսով, օգոստոսի 12-ի նիստում կողմերը հիմնականում ավարտեցին հայցի առարկայի պարզման վերաբերյալ հարցերի քննարկումը։ Դատարանը գործի քննությունը հետաձգեց՝ այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով։

Գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է օգոստոսի 14-ին՝ ժամը 10։00-ին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment