Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի զգալի հատվածը, որտեղ գտնվում են նաև մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնի շենքերը, ինչպես նաև գործում են փաստաբանական գրասենյակներ ու սննդի օբյեկտներ, երկու կողմից վերածվել է Ոստիկանության «հատուկ պահպանվող տարածքի»։ Տարածքի սղության պատճառով արգելանքի տակ դրված մեքենաները կանգնեցնում են նաև մայթերին հարակից հատվածներում։ Պոլիէթիլենային տոպրակներով ծածկված, երբեմն էլ ամբողջությամբ մետաղի ջարդոնի վերածված մեքենաները հանգրվանում են փողոցի եզրերին, քանի որ Ոստիկանության Վաղարշապատի բաժինը հատուկ պահպանվող տարածք չունի։
«Հետքը» դեռ երեք տարի առաջ գրել էր, որ «հատուկ պահպանվող տարածքի» կամ, այլ կերպ ասած, տուգանային հրապարակի էր վերածվել փողոցի միայն մեկ կողմը։ Այժմ մեքենաներով են լցվել փողոցի երկու կողմերը, ինչի հետևանքով դատարան, Ոստիկանություն կամ միգրացիայի բաժին այցելողները հաճախ չեն ունենում մեքենան կայանելու հնարավորություն։
Այն ժամանակ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը հայտնել էր․ «Վթարված ավտոմեքենաները կայանելու և պահպանություն իրականացնելու նպատակով Ոստիկանության Վաղարշապատի բաժինը համագործակցում է Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ, ինչի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առանձին հողատարածք հատկացնելու վերաբերյալ։ Գործընթացը գտնվում է ընթացքի մեջ»,- հայտնել էր մարզային վարչության պետը:
3 տարի անց ՆԳՆ-ից էլի ասում են, որ «գործընթացը գտնվում է ընթացքի մեջ», սակայն հայտնի չէ, թե այդ ընթացքը երբ է ավարտվելու:
Խնդիրը լուծելու համար Վաղարշապատի համայնքապետարանը դիմել է Արմավիրի մարզպետարան, որն էլ իր հերթին պետք է դիմի ՆԳՆ:
«Խնդրի կարգավորման նպատակով առաջարկվել է տրամադրել Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրում գտնվող 0,25 հա մակերեսով հողամասը։ Ներկայումս սպասում ենք հարցի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների հետադարձ պատասխանին»,- ասում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ռոզա Կարապետյանը։
Նշենք, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ հատուկ տարածքը արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանության համար Ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածքն է։
«Հատուկ պահպանվող տարածք» ձևակերպումն ինքնին ենթադրում է վերահսկվող տարածք, որտեղ կողմնակի անձանց ազատ ելումուտը սահմանափակված է։ Ավելին, նույնիսկ այդ տարածքում պահվող մեքենայի վարորդին կամ սեփականատիրոջը թույլատրվում է մոտենալ տրանսպորտային միջոցին միայն Ոստիկանության ներկայացուցչի ներկայությամբ։
Մինչդեռ Գրիգոր Լուսավորչի փողոցի այս հատվածը բաց է այցելուների համար։ Ստացվում է՝ մի տարածք, որը փաստացի օգտագործվում է արգելանքի տակ գտնվող մեքենաների պահպանման համար, չունի հատուկ պահպանվող տարածքին բնորոշ սահմանափակումներ։ Ավելին՝ չկան տեսախցիկներ, հնարավոր չէ ապահովել նաև անվտանգությունը: Ստացվում է՝ Ոստիկանության ներկայացուցիչները փողոցում պետք է հերթապահություն իրականացնեն՝ վթարված ավտոմեքենաները հսկելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter