Վաշինգտոնի խնդրանքով Կիևը դադարեցրել է հարվածները Նովորոսիյսկ մտնող նավթային տանկերներին․ Financial Times

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեվիդ Վենսը հուլիսի 31-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի Կիևը դադարեցնի անօդաչու թռչող սարքերով ինտենսիվ հարվածների շարքը ռուսական Նովորոսիյսկ նավահանգիստ մտնող նավթային տանկերների ուղղությամբ, հայտնել է Financial Times պարբերականը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին և այլ աղբյուրների։

Վաշինգտոնը մտահոգված էր, որ Ուկրաինան էլ ավելի կապակայունացնի նավթային շուկաները և վնաս կհասցնի ամերիկյան ընկերություններին՝ հարձակվելով այն տանկերների վրա, որոնք տեղափոխում են Ղազախստանից խողովակաշարով Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) տերմինալ հասնող հում նավթը, արձանագրել է հրատարակությունը։

Ըստ պաշտոնական անձանց հայտարարությունների և բաց աղբյուրների տեղեկատվության վերլուծության՝ այդ խոսակցության պահից ի վեր Ուկրաինան հարվածներ չի հասցրել ԿԽԿ տերմինալի մոտակայքում գտնվող տանկերներին, նշել է FT-ն։

Թերթի տեղեկություններով՝ Կիևը համաձայնել է հարվածներ չհասցնել ԿԽԿ ենթակառուցվածքներին և Սև ծովում գտնվող ոչ ռուսական նավերին՝ պայմանով, որ դրանք չեն գտնվում Ուկրաինայի պատժամիջոցների ներքո և չեն տեղափոխում ռուսական նավթ ու այլ բեռներ։

«Մենք շատ ուշադիր լսում ենք մեր ամերիկացի գործընկերներին»,- հայտարարել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ Կիևը համապատասխան «մեխանիզմներ» է ստեղծել՝ ի պատասխան Վաշինգտոնի խնդրանքի։ Աղբյուրի խոսքով՝ ԿԽԿ-ի հարցը «պարբերաբար քննարկվել է ԱՄՆ-ի և Ղազախստանի կառավարությունների հետ բանակցությունների ընթացքում»։

Leave a Comment