Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների համար Հայաստանի 6 մարզպետի աշխատակազմերին նախատեսվում է հատկացնել ընդհանուր 1 մլրդ 615 մլն 343 հազար դրամ։ Գումարները կտրամադրվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերին՝ ճանապարհների նորոգման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից
Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորգման և միջին նորոգման աշխատանքների բնականոն ընթացքի աապահովման անհրաժեշտությամբ.
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները`
ՀՀ փոխվարչապետի 07.10.2025թ. N /03.67/32670-2025 հանձնարարականի համաձայն՝ կից ներկայացված ցանկ-1-ով ՀՀ մարզերում նախատեսվում է իրականացնել կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների նորոգման աշխատանքներ:
Ելնելով վերոգրյալից՝ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների նորոգման նպատակով ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով անհապաղ կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման գնման գործընթաց, համաձայն որի՝ ՀՀ Արագածոտնի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Լոռու, ՀՀ Շիրակի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ:
Վերոնշյալ աշխատանքների ձեռքբերման նպատակով առաջարկվում է ՀՀ Արագածոտնի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Լոռու, ՀՀ Շիրակի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացնել համապատասխանաբար՝ 239,828.5 հազար դրամ, 104,641․7 հազար դրամ, 544,177․3 հազար դրամ, 314,558․8 հազար դրամ, 53,889․6 հազար դրամ և 358,247․1 հազար դրամ։
Միաժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ 1,615,343.0 հազար դրամն առաջարկվում է վերաբաշխել՝ 1049/21001 և 1049/21020 միջոցառումների ՀՀ կառավարության տողերից համապատասխանաբար՝ 1,507,553.0 հազար դրամ և 107,790․0 հազար դրամ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ նվազեցում չի առաջացնում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունմամբ կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորգման և միջին նորոգման աշխատանքների իրականացումը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 3.2, 3-րդ պարբերության 1-ին և 2-րդ ենթակետեր/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:
- Մասնավորապես, միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի նորոգում, հիմնանորոգում և որակի շարունակական բարձրացում, որոնց շնորհիվ տարեկան կունենանք շուրջ 500 կմ վերանորոգված ճանապարհ։