ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական բյուջեից 101 մլն դրամ հատկացնել Ներքին գործերի նախարարությանը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցված փոստային ծառայությունների դիմաց պարտքը մարելու և 2026 թվականի համար կանխավճար տրամադրելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարության օգոստոսի 6-ի Կառավարության նիստի չզեկուցվող օրակարգից։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ՀՀ ներքին գործերի նախարարությանը մատուցված փոստային ծառայությունների դիմաց 2026թ. համար կանխավճարի տրամադրման անհրաժեշտությամբ:
Նախագծով հատկացվող միջոցներն ուղղվելու են «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից ՆԳ նախարարությանը մատուցված փոստային ծառայությունների դիմաց որպես կանխավճար։
Առաջարկվող կարգավորումները
2026 թվականի պարտքը մարելու և կանխավճար տրամադրելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում կատարելու վերաբաշխում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 1043 ծրագրի 11018 «Պետական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» միջոցառման համար 2026 թվականին հատկացված միջոցներից 101.0 մլն դրամ ուղղել ՀՀ ներքին գործերի նախարարության պահպանման ծախսերին «Կապի ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նշված նախագծի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների փոփոխության, և նվազեցվող ծրագրի ֆինանսական ցուցանիշներում հետագայում ավելացման անհրաժեշտություն չի առաջանա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․3 բարձր տեխնոլոգիաներ» մասի «Փոստային կապ» բաժնի դրույթներից: Այն է՝ փոստային կապի ոլորտի շուկայական արդյունավետությունը և կենսունակությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացնել անհրաժեշտ պետական աջակցության միջոցառումներ: