Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համատեղ հայտարարություն են արել Սպիտակ տանը 2025-ի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի առիթով՝ փոխանցել է ԱԳՆ-ն։ Վաշինգտոնում սկիզբ դրված խաղաղության գործընթացի արդյունքները չափվում են ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև փաստերով ու թվերով։
ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության համաձայն՝ Հայաստանում արդեն ընթանում են TRIPP-ի ինժեներական հետազոտությունները, իսկ Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են ստեղծել ենթակառուցվածքների զարգացման ընկերություն։ Ադրբեջանն էլ հայտարարում է, որ իր տարածքում գրեթե ավարտել է այն ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը, որոնք պետք է միանան Հայաստանի տարածքում գտնվող TRIPP-ին։ Երեք երկրները նաև աջակցում են էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
Այսինքն՝ TRIPP-ը քաղաքական հայեցակարգից տեղափոխվում է ինժեներական և տնտեսական իրականություն։ Եվ այստեղ առաջին ուշագրավ թիվն է՝ 60 հազար տոննա։ Հենց այսքան ապրանք է, ըստ եռակողմ հայտարարության, վերջին մեկ տարում Ադրբեջանի տարածքով փոխադրվել Հայաստան և Հայաստանից։ Երկրորդ թիվը՝ 20 հազար տոննա։ Այսքան նավթամթերք է Ադրբեջանը մատակարարել Հայաստանին վերջին մեկ տարվա ընթացքում։
Երրորդ ուշագրավ թիվը՝ 201 միլիոն դոլար։ Այսքան դրամաշնորհ է Միացյալ Նահանգները հատկացրել Տրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամին՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում մասնավոր ներդրումները խթանելու նպատակով։
Այս թվերը ցույց են տալիս, որ Վաշինգտոնում մեկ տարի առաջ հայտարարված գործընթացը փորձում է ստանալ նաև տրանսպորտային, առևտրային և ներդրումային չափում։ Ամերիկյան կողմը, սակայն, առաջին հերթին, TRIPP-ի հիմքում դնում է Հայաստանի ինքնիշխանությունը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս տարեդարձի առիթով հրապարակած հոդվածում ուշագրավ մանրամասներ է պատմել։
«TRIPP-ը Հայաստանի հետ Միացյալ Նահանգների գործընկերությունն է՝ Հայաստանի տարածքով անարգել, բազմամոդել տրանսպորտային ուղիներ ստեղծելու համար՝ նրա տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության լիարժեք հարգմամբ»։
Ուիթքոֆի հոդվածը, սակայն, հետաքրքիր է ոչ միայն TRIPP-ի նկարագրությամբ։ Նա պատմում է նաև, թե ինչ էր տեղի ունենում բանակցությունների կուլիսներում, և ինչու է ամերիկյան կողմը համարում, որ մեկ տարի առաջ հնարավոր եղավ փոխել երկար տարիների փակուղային տրամաբանությունը։
Առաջին շեշտադրումը․ Վաշինգտոնը խնդիրը տեսել է ոչ թե որպես հերթական տարածքային վեճ։ Ուիթքոֆի խոսքով՝ ամերիկյան ներգրավվածությունը սկսվել է 2025-ի մարտին Բաքու իր այցով։ Նա գրում է, որ հենց առաջին շփումից իր թիմի համար պարզ էր՝ Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերություններին նախկինում բավարար ուշադրություն չէր դարձվել։ Բայց ավելի ուշագրավ է նրա նկարագրած բանակցային տրամաբանությունը։ Ըստ Ուիթքոֆի՝ երկար ժամանակ Ադրբեջանի՝ Նախիջևանին անարգել հասանելիության հարցը դիտարկվել է որպես տարածքային վեճ՝ «զրոյական գումարով» մոտեցմամբ։ Այսինքն՝ մեկի շահը ենթադրվում էր մյուսի հաշվին։ ԱՄՆ-ի առաջարկած տրամաբանությունը, ըստ Ուիթքոֆի, այլ էր՝ տրանսպորտային կապը վերածել տնտեսական շահի, իսկ տնտեսական շահը՝ խաղաղության գործիքի։ Եվ հենց այստեղ է TRIPP-ի առաջին կարևոր նորությունը՝ այն ներկայացվում է ոչ միայն որպես ճանապարհ, այլև որպես հակամարտությունների կարգավորման տնտեսական մոդել։ Ուիթքոֆը նույնիսկ գրում է.
TRIPP-ը այսօր ներկայացվում է որպես թվացյալ անլուծելի վեճերի կարգավորման օրինակ՝ ստեղծագործական լուծումների, ուժի և փոխադարձ շահի համադրությամբ։ Երկրորդ շեշտադրումը․ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը տեսել է երկու առաջնորդների պատրաստակամությունը
Ուիթքոֆն իր հոդվածում հատռուկ անդրադառնում է ինչպես Իլհամ Ալիևին, այնպես էլ Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանի նախագահին նա նկարագրում է որպես ուժեղ և վճռական առաջնորդի, որը պատրաստ էր անհրաժեշտ դժվար քայլեր անել խաղաղության համար։ Հայաստանի վարչապետին՝ որպես պրագմատիկ և խիզախ առաջնորդի, որը, ըստ Ուիթքոֆի, պատրաստ էր որոշումներ կայացնել նույնիսկ այն դեպքում, երբ դրանց սկզբնական ընկալումը կարող էր ժողովրդականություն չվայելել։
Հաջորդ հինգ ամիսներին, գրում է Ուիթքոֆը, ամերիկյան կողմը ինտենսիվ բանակցություններ է վարել Բաքվում և Երևանում։ Ու հենց այդ բանակցություններն են բացահայտել հիմնական խնդիրը․ հակամարտությանը պետք էր նայել այլ անկյան տակ։ Ուիթքոֆի հոդվածից հայտնի դարձած երկրորդ կարևոր նոր փաստը՝ TRIPP-ի գաղափարը ձևավորվել է ոչ թե արդեն պատրաստի ճանապարհի շուրջ, այլ հենց բանակցությունների ընթացքում՝ որպես փակուղին հաղթահարելու գործնական լուծում։
ԱՄՆ-ն արդեն 201 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Տրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամին, որը պետք է մասնավոր ներդրումներ ներգրավի Միջին միջանցքի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում։ Այսինքն՝ TRIPP-ի շուրջ ձևավորվող տրամաբանությունը դուրս է գալիս միայն հայ-ադրբեջանական հարաբերություններից և կապվում է Կասպից ծովից դեպի Կենտրոնական Ասիա և Եվրոպա ձգվող ավելի լայն տնտեսական ու հաղորդակցական ցանցի հետ։
Ուիթքոֆն իր հոդվածում ասում է՝ ԱՄՆ-ը ակնկալում է, որ TRIPP-ի երթուղին կձգվի Կասպից ծովով, իսկ այս հայեցակարգը հետագայում կարող է կիրառություն ստանալ նաև Մերձավոր Արևելքում։