ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Անկարայից մեկնելիս անվտանգության նկատառումներով գաղտնի փոխել է ինքնաթիռը՝ Իրանի կողմից հնարավոր մահափորձի սպառնալիքի պատճառով, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր ուսումնասիրած փաստաթղթերին և ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ հեռուստատեսային տեսախցիկների առջև Թրամփը նստել է Air Force One նախագահական ինքնաթիռը, սակայն ավելի ուշ գաղտնի տեղափոխվել է ավելի փոքր C-32A ինքնաթիռով, որով էլ շարունակել է թռիչքը։
Գործողությունը նախապես մանրակրկիտ պլանավորվել էր՝ նախագահի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Թրամփին Air Force One-ից մյուս ինքնաթիռ են տեղափոխել սննդի մատակարարման միկրոավտոբուսով՝ հնարավորինս աննկատ։
Նախագահի շքախմբի անդամները և նրան ուղեկցող լրագրողները չեն տեղեկացվել ո՛չ ինքնաթիռի փոփոխության, ո՛չ էլ հնարավոր իրանական սպառնալիքի մասին։ Նրանք մնացել են Air Force One-ում և, ըստ WP-ի, ստիպված են եղել փակ պահել ինքնաթիռի պատուհանների վարագույրները։
Թուրքիայից Թրամփը մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ ավելի ուշ նախագահը, նրա պատվիրակությունն ու լրագրողները նստել են Կատարից նվեր ստացած նոր նախագահական ինքնաթիռը։ ԱՄՆ վերադառնալուց հետո Թրամփը տեսախցիկների առջև դուրս է եկել այդ ինքնաթիռից։ The Washington Post-ի գնահատմամբ՝ այս քայլերը պետք է հանրության մոտ տպավորություն ստեղծեին, թե նախագահը Թուրքիայից ամբողջ ճանապարհն անցել է նախագահական ինքնաթիռով։
Սպիտակ տունը հրապարակումը չի մեկնաբանել։ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները, սակայն, նշել են, որ նախագահի անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփն անդրադարձել էր Իրանից եկող հնարավոր սպառնալիքներին՝ հայտարարելով, որ ինքը «գլխավորում է այն մարդկանց ցանկը, որոնց Իրանը ցանկանում է սպանել»։