Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Խասիկյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Կողբ բնակավայր, ապրանքանիշը՝ «Արեգակ»), հայտնում են ՍԱՏՄ-ից:

Հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար:

Մասնավորապես՝

— արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
—  բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
— կոյուղու համակարգերը նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որպեսզի բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Leave a Comment