Կոսմետիկայի վաճառքով զբաղվող երեք տնտեսվարող կենթարկվի վարչական պատասխանատվության

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Հետքի» ուսումնասիրությունից հետո ստուգումներ է իրականացրել երեք տնտեսվարողի մոտ։ Երեք դեպքում էլ արձանագրվել են կոսմետիկ արտադրանքի մակնշման պահանջների խախտումներ։ 

«Հետքը» հուլիսի 3-ին հարցում էր ուղարկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ տեղեկացնելով կոսմետիկայի շուկայում մեր արձանագրած խախտումներն ու դրանց մանրամասները, որից հետո տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել   «Էլիքս» ՍՊԸ-ում («Մարի» հանրախանութ), «ՄԲՄ» ՍՊԸ-ում և «Նաիրի Գյուլումչյան Գեղագործ» ԱՁ-ում («Օրիգինալ բուտիկ» խանութ)։ 

«Էլիքս» և «ՄԲՄ» ՍՊԸ-ներում ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ ընկերությունները չեն պահպանել «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով սահմանված մակնշման պահանջները։ 

Մյուս տնտեսվարողի՝ «Նաիրի Գյուլումչյան Գեղագործ» ԱՁ-ի դեպքում արձանագրվել է, որ ներքին շուկայից ձեռք բերված «Eveline» ապրանքանիշի խնամքի միջոցների տեսականիների մի մասի վրա բացակայել են արտադրանքի օգտագործման եղանակների վերաբերյալ տեղեկությունները։ 

Տեսչական մարմինը տեղեկացրել է, որ հայտնաբերված խախտումների հիմքով երեք տնտեսվարողներն էլ կենթարկվեն վարչական պատասխանատվության։ 

Ինչ էր հայտնաբերել «Հետքը»

Հուլիսի 2-ին հրապարակված «Ինչպես են կեղծվում Երևանում վաճառվող կոսմետիկայի ժամկետները» հոդվածում «Հետքը» Երևանի երեք խանութներում հայտնաբերել էր ժամկետանց, կեղծված ժամկետով կամ առանց գործարանային ժամկետի մակնշման կոսմետիկա։ Մասնավորապես, «Օրիգինալ բուտիկում» հայտնաբերվել էր «Farm Stay» ապրանքանիշի խոնավեցնող էմուլսիա, որի վրա հին ժամկետը, ըստ ամենայնի, փորձել էին ջնջել և դրա կողքին նոր ժամկետ էին նշել։ «Մարի» հանրախանութում հայտնաբերվել էին «Farm Stay» բրենդի ժամկետանց ապրանքներ, իսկ «Էվա կոսմետիկսում»՝ ապրանքներ, որոնց վրա բացակայել էր պիտանիության ժամկետի գործարանային կոդը։

«Հետքի» հրապարակումից առաջ՝ տեսչական մարմնին ուղղված հարցմանն ի պատասխան, կառույցը հայտնել էր, որ վերջին երկու տարվա ընթացքում կոսմետիկայի ոլորտում իրականացրել է 144 ստուգում, որոնց արդյունքում 16 տնտեսվարողի մոտ խախտումներ են հայտնաբերվել։ Դրանցից 13 տնտեսվարողի մոտ հայտնաբերվել էին առանց պիտանիության ժամկետի մակնշման ապրանքներ։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment