ՀԱՊԿ-ը նոյեմբերին կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ 

«Ցանկացած որոշում, որը վերաբերում է կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր ընդունմանը, ամբողջությամբ առնչվում է Հավաքական անվտանգության խորհրդի իրավասություններին (դրա կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները), որն իրավունք ունի նման որոշումներ ընդունել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա։ Ձեր հարցի վերաբերյալ կիրառելի նորմերը առկա են, մասնավորապես, կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածներում»,- նշել է Գալուզինը՝ հավելելով, որ Խորհրդի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր անդամների կողմից՝ ներառյալ անդամ յուրաքանչյուր պետության կողմից ՀԱՊԿ մարմինների գործունեությունը ֆինանսավորելու պարտականությունը:

«Կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց Երևանի հրաժարվելը ու կազմակերպության բյուջեի մասին տարեկան որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունները՝ ժամանակին փոխանցելու ազգային վճարը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

«Ելնելով ինստիտուցիոնալ արդյունավետության պահպանման սկզբունքից՝ միջազգային ցանկացած կազմակերպությունում նմանատիպ դեպքերի համար կան հիմնարար փաստաթղթերով նախատեսված ընթացակարգեր։ ՀԱՊԿ-ը բացառություն չէ»,- եզրափակել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ փաստացի Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը 2023 թվականի սեպտեմբերից։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Դեռ 2024 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:

Երևանի կարծիքով՝ կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցումը պայմանավորված է նրանով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները։ Խոսքն այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական կողմի հարձակումների մասին էին։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին վճարումներ չկատարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կանոնադրության այն հոդվածի գործարկումը, որը կարգավորում է իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:

Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment