Արևմուտքի ճնշումը Վրաստանի վրա չաշխատեց․ Մոսկվան ողջունում է կապերի ընդլայնումը․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի կողմից Վրաստանի վրա գործադրվող աննախադեպ ճնշումը ցանկալի արդյունքը չի տվել։ «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ աշխարհագրական դիրքն ու պատմությունը Ռուսաստանին և Վրաստանին դարձնում են բնական գործընկերներ․

«Անգամ Թբիլիսիի վրա գործադրվող ուժեղ ճնշումն ու Ռուսաստանի հետ կապերը խզելու պահանջները չտվեցին այն արդյունքը, որին Արևմուտքում սպասում էին»,- ընդգծել է Գալուզինը։

Դիվանագետը նշել է, որ չնայած քաղաքական տարաձայնություններին՝ Մոսկվան ձգտում է Վրաստանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կառուցել։ Նա հավելել է, որ վերջին տարիներին առևտրի և զբոսաշրջության ոլորտներում տեսանելի առաջընթաց կա․

«Վրաստան գնացող ամեն չորրորդ զբոսաշրջիկը Ռուսաստանից է, իսկ ռուսական շուկան վրացական ապրանքների արտահանման հիմնական ուղղությունն է։ Մենք ողջունում ենք սա և նպատակ ունենք զարգացնել այն, ինչն իրոք կարևոր է մեր երկրների քաղաքացիների համար»,- եզրափակել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Leave a Comment