Խորհրդարանն օգոստոսի 11-ին շարունակել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել էր Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։
Հարցի քննարկումը նախորդ օրն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Վոլոդյա Հակոբյանը։
Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական և քաղաքական գործունեությանը՝ նշելով, որ նա արժանի թեկնածու է՝ գլխավորելու համար Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
Պատգամավորը խոսել է նաև ներքաղաքական խնդիրներից, անդրադարձել բանակի բարեփոխմանն ուղղված քայլերին։
Եզրափակիչ ելույթում Վիլեն Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել բովանդակային քննարկման համար, վստահեցրել, որ իր ընտրվելու պարագայում ոլորտային հարցերի և խնդիրների խորքային քննարկումներ կլինեն։ Թեկնածուն անդրադարձել է նաև ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած տեսակետներին և դիտարկումներին, տվել պարզաբանումներ։