TGRT․ Թուրքիայում՝ Դյուզջե նահանգի լողափին անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել

Անօդաչու թռչող սարքի բեկորները հայտնվել են Թուրքիայի Սևծովյան Դյուզջե նահանգի Աքչաքոջա շրջանում գտնվող լողափին։ Այս մասին հայտնել է TGRT հեռուստաալիքը։

Տեղացիների ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության և առափնյա պահպանության ստորաբաժանումները։ Լողափում գտնվող մարդիկ տարհանվել են։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ անօդաչուի պատկանելությունը կպարզվի փորձաքննության արդյունքներով։

Ավելի վաղ Թուրքիայի Սևծովյան մի շարք նահանգներում բազմիցս հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերի բեկորներ, այդ թվում՝ պայթուցիկ նյութերով։ Շաբաթ օրը Արթվին նահանգում՝ ափից 500 մետր հեռավորության վրա, անօդաչու նավակ էր հայտնաբերվել, որը կիրակի օրը սակրավորները պայթեցրել են։

Leave a Comment