Արդարադատության նախարարությունն առաջարկում է պետական ռեգիստրի մի շարք ծառայություններ դարձնել միայն առցանց

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենքով ամրագրել, որ անհատ ձեռնարկատերերի հաշվառման, փոփոխությունների հաշվառման և հաշվառումից հանման, ինչպես նաև ՍՊԸ-ների, ՓԲԸ-ների, ԲԲԸ-ների և հասարակական կազմակերպությունների պետական գրանցման մի շարք գործընթացներ համապատասխան նույնականացման հնարավորություն ունեցող անձանց համար իրականացվեն բացառապես առցանց եղանակով։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը նպատակ ունի նվազեցնել վարչարարական բեռը, թղթաշրջանառությունը և Պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակների ծանրաբեռնվածությունը։

  Օրենքի կարգավորման գործողության ոլորտը

 «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է պետական ծառայությունների թվայնացման, վարչարարության պարզեցման, հանրային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների համար վարչական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ։ Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» N 16-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 49-րդ կետով սահմանված է, որ. «Հայաստանը որդեգրում է թվայնացման ռազմավարություն՝ ներդնելով թվային լուծումներ պետական կառավարման, ենթակառուցվածքների, կրթության և հանրային ծառայությունների ոլորտներում։ Թվային տեխնոլոգիաները խթանում են գործընթացների թափանցիկությունն ու օպերատիվությունը՝ միաժամանակ ստեղծելով քաղաքացիների համար հասանելի, պարզ և պաշտպանված ծառայությունների համակարգ։ Պետությունն ակտիվացնում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումն ու զարգացումը՝ նպատակ ունենալով ավտոմատացնել անհատների, բիզնեսի և պետական կառույցների փոխգործակցության գործընթացները»։

Նշված դոկտրինի համատեքսում նախատեսվում  է նաև պետական գրանցման/հաշվառման ոլորտի ծառայությունների առավելագույն թվայնացում, նշված ոլորտի պետական ծառայությունների մատուցման ընթացքում քաղաքացիների և տնտեսվարողների ֆիզիկական ներկայության անհրաժեշտության հնարավորինս բացառումը։

Ներկայումս անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, փոփոխությունների պետական հաշվառման, ինչպես նաև հաշվառումից հանման, սահմանափակ պատասխանատվությամբ, փակ և բաց բաժնետիրական ընկերությունների, հասարակական կազմակերպության պետական գրանցման գործընթացները թեև առցանց եղանակով հասանելի են, սակայն նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքացիներն ունեն անհրաժեշտ փաստաթղթեր՝ «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման համակարգի միջոցով առցանց նույնականացվելու և համապատասխան ծառայություններից e-register.moj.am հարթակի միջոցով օգտվելու, միևնույնն է սովորույթի ուժով օգտվում են նույն ծառայության թղթային եղանակով մատուցման հնարավորությունից:

Նախագծով առաջարկվում է օրենքով հստակ ամրագրել, որ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ, փակ և բաց բաժնետիրական ընկերությունների, հասարակական կազմակերպության պետական գրանցումները «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման համակարգի միջոցով նույնականացման եղանակներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ունեցող անձինք տվյալ ծառայություններից օգտվեն բացառապես առցանց եղանակով։

Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն`

  • ապահովել պետական գրանցման/հաշվառման ոլորտում ծառայությունների հասանելիության բարձր մակարդակ ոչ միայն նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիների, այլև ՀՀ-ում կացության քարտ կամ ՀՀ հատուկ անձնագիր ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար,
  •  նվազեցնել վարչարարական բեռը և փաստաթղթաշրջանառությունը,
  •        բացառել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության(այսուհետ նաև՝ Պետական ռեգիստր) սպասարկման գրասենյակ կամ այդպիսի գրասենյակի գործառույթներ իրականացնող օպերատորներին անձամբ այցելելու անհրաժեշտությունը այն դեպքերում, երբ նույն իրավական արդյունքը հնարավոր է ապահովել էլեկտրոնային եղանակով,
  • բարձրացնել նշված ոլորտում ծառայությունների մատուցման թափանցիկությունը, կանխատեսելիությունն ու արդյունավետությունը,
  •  բարելավել Հայաստանի Հանրապետության ներդրումային և գործարար միջավայրը՝ բիզնեսի մեկնարկի ընթացակարգերը դարձնելով առավել արագ և պարզ։

Նախագծի ընդունումը կնպաստի պետական գրանցման/հաշվառման ոլորտի ծառայությունների ամբողջական թվայնացման պետական քաղաքականության իրականացմանը, վարչարարության շարունակական բարեփոխմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացմանը և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների համար առավել մատչելի, արագ և արդյունավետ պետական ծառայությունների մատուցմանը։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2025 թվականի դեկտեմբերի 24-ին ներդրվել է Պետական ռեգիստրի նոր e-register.moj.am էլեկտրոնային հարթակը, որի շրջանակներում հասանելի են դարձել  բազմաթիվ առցանց ծառայություններ։

Այնուամենայնիվ, ըստ 2026 թվականի վիճակագրական տվյալների՝ հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Պետական ռեգիստրի կողմից մատուցվել են Նախագծով նախատեսված սուբյեկտների համար  հետևյալ առցանց և թղթային ծառայությունները՝

  • թղթային եղանակով ԱՁ հաշվառում -11905, վերահաշվառում-1015, տեղեկությունների փոփոխություն – 3553,
  • առցանց եղանակով ԱՁ հաշվառում – 2048, վերահաշվառում – 157, տեղեկությունների փոփոխություն – 246,
  • թղթային եղանակով ՍՊԸ գրանցում – 5612,
  • առցանց եղանակով ՍՊԸ գրանցում – 803,
  • թղթային եղանակով ՓԲԸ գրանցում – 47,
  • առցանց եղանակով ՓԲԸ գրանցում – 7,
  • թղթային եղանակով ԲԲԸ գրանցում – 7,
  • առցանց եղանակով ԲԲԸ գրանցում – 0,
  • թղթային եղանակով ՀԿ գրանցում – 248,
  • առցանց եղանակով ՀԿ գրանցում – 27։

      Արդյունքում դիմումատու շահագրգիռ անձինք շարունակում են բախվել լրացուցիչ ռեսուրսների կորստի, որպիսի հանգամանքը հակասում է պետական կառավարման թվային վերափոխման ներկայիս մոտեցումներին:

Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի նպատակն է ապահովել պետական գրանցման/հաշվառման ոլորտում առցանց մատուցվող ծառայությունների օգտագործելիության բարձր մակարդակը՝ համապատասխանեցնելով պետական կառավարման թվային վերափոխման քաղաքականությանը։ Նախագծի ընդունմամբ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, փոփոխությունների հաշվառումը, հաշվառումից հանումը, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ, փակ և բաց բաժնետիրական ընկերությունների, հասարակական կազմակերպության պետական գրանցումները նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ-ում կացության քարտ կամ ՀՀ հատուկ անձնագիր ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման համակարգի միջոցով  նույնականացման եղանակներից որևէ մեկից օգտվելու դեպքում կդառնան հասանելի բացառապես առցանց եղանակով, արդյունքում կթեթևանա նաև Պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակների ծանրաբեռնվածությունը, կվերանա նշված ծառայությունների մատուցման արդյունքում նաև թղթային արխիվային գործերի քանակը, հետևաբար նաև՝ պետության կողմից ներդրվող միջոցները՝ համապատասխան արխիվային նյութերի պահպանման ուղղությամբ։

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է տարեկան շուրջ 70 միլիոն դրամի չափով պետական բյուջեի եկամուտների նվազեցում։ Նշված եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ առցանց հաշվառումն իրականացվում է առանց պետական տուրքի, իսկ թղթային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում վճարման ենթակա պետական տուրքը կազմում է 3000 դրամ։ 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» N 16-Լ որոշումից։

Leave a Comment