Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել՝ Հիդեն Հիլզում ամերիկահայ դերասանուհի և գործարար Քիմ Քարդաշյանի տունը թալանելու կասկածանքով։ Քննության վարկածով՝ նա ներխուժել է տուն և հափշտակել ավտոմեքենաներից մեկը, հայտնում է Los Angeles Times-ը։
Տղամարդուն նկատել են էլիտար բնակելի համալիրի տարածքում, երբ նա իրերը բարձելիս է եղել գողացված ավտոմեքենայի մեջ։ Ոստիկանության տվյալներով՝ նա տանտերերի բացակայության ժամանակ ներխուժել է առանձնատուն և ձերբակալվել կողոպուտի կասկածանքով։
Քարդաշյանը երեխաների հետ բնակվում է այլ վայրում, քանի որ առանձնատանը վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Նրա ավտոմեքենաները, սակայն, դեռևս գտնվում են տարածքում։
Իրավապահ մարմինները կասկածյալի ինքնությունը չեն հրապարակել։ Քննությունը շարունակվում է։
Մեկ տարի առաջ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել էր Հարավային Կալիֆոռնիայում կողոպուտներ իրականացնող հանցախմբի չորս անդամի։ Նրանց զոհերից էր դարձել Բրեդ Փիթը․ նրա տունը կողոպտել էին, երբ դերասանը գտնվում էր համաշխարհային շրջագայության մեջ։
2024 թվականին Հարավային Կալիֆոռնիայում թալանել էին նաև հայտնի դերասանական զույգի՝ Թոմ Հենքսի և Ռիտա Ուիլսոնի տունը։ Գողերը ներթափանցել էին հյուրատուն՝ կոտրելով ապակին։ Կողոպտիչներին չէր կանգնեցրել անգամ միացված ազդանշանային համակարգը։
Ոստիկանությունը ենթադրում էր, որ կողոպուտը բազմաթիվ հանցախմբերից մեկի գործողությունների արդյունքն էր։ Նրանք վերջին տարիներին թիրախավորում էին Լոս Անջելեսի և հարակից շրջանների էլիտար թաղամասերը։
