Մալանկարայի եկեղեցին աջակցություն է հայտնել Գարեգին Բ-ին – armeniatoday.am

Մալանկարայի ուղղափառ սիրիական եկեղեցին իր համերաշխություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և կոչ արել հարգել Հայ եկեղեցու կրոնական ազատությունն ու կանոնական անկախությունը։

Եկեղեցին նշել է, որ Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումները խորը մտահոգություն են առաջացնում։

«Մենք կոչ ենք անում աշխարհի մեր հոգևորականներին և հավատացյալներին աղոթել Գարեգին Բ-ի, Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի ժողովրդի համար», – նշված է հայտարարության մեջ։

ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ ժամանակ կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր նաև բացակայելու արգելք, որը դատարանն ապրիլի 10-ին վերացրել էր։

Հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Նրանց նույնպես մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։

Օգոստոսի 7-ին գործով առաջին դատական նիստին դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել։ Կաթողիկոսն իր վերաբերյալ դատական գործընթացը անվանել էր անիմաստ։

Մի շարք քաղաքական, հասարակական և հոգևոր կառույցներ աջակցություն էին հայտնել Վեհափառին և մտահոգություն հայտնել նրա ու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ զարգացումների կապակցությամբ։ 

Leave a Comment