Կոլումբիայի Չոկո դեպարտամենտում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, X-ում հայտնել է Կոլումբիայի երկրաբանական ծառայությունը։
Ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 07:34-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սան Խոսե դել Պալմար քաղաքի շրջանում՝ 96 կմ խորության վրա։
«Մենք քիչ առաջ ուժգին երկրաշարժ ապրեցինք Չոկո դեպարտամենտում։ Մենք մտահոգված ենք հետցնցումներով»,- X-ում գրել է դեպարտամենտի նահանգապետ Նուբիա Կարոլինա Կորդոբա-Կուրին։
Նա հայտնել է, որ դեպարտամենտի կենտրոն Կիբդո քաղաքում կան տուժածներ և ավերածություններ։
Reuters-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Բոգոտայում և Վենեսուելայում։
Բոգոտայի քաղաքապետ Կառլոս Գալանն իր հերթին հայտնել է, որ կառույցների վնասման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Միևնույն ժամանակ, որոշ շենքերում առկա են ճաքեր, որոնք, ըստ նախնական տվյալների, չեն սպառնում դրանց կառուցվածքային ամբողջականությանը։
Ավելի ուշ ծառայությունը հայտնել է ևս երկու հետցնցման մասին։ Տեղական ժամանակով 08:18-ին Չոկոյի Նովիտա քաղաքում գրանցվել է 4,6 մագնիտուդով երկրաշարժ, իսկ Սան Խոսե դել Պալմարում՝ 4,8 մագնիտուդով երկրաշարժ (88 կմ խորությամբ)։
