Ջրառատ տարի, նոր հնարավորություններ. Վեդիի նորակառույց ջրամբարում 30 մլն խոր․ մ ջուր կկուտակվի

Այս տարի Հայաստանում ոռոգման ջրի պակաս չկա, ջրամբարները լիքն են։ Գյուղացիները ոռոգման ջուրը ստանում են մեծ մասամբ ջրամբարներից, երբեմն նաև Սևանա լճից։ Վերջին տասնամյակների ամենախոշոր հիդրոկառույցներից մեկի՝ Վեդիի ջրամբարի շինարարությունը ավարտված է։ Այնտեղ հիմա ոռոգման ջուր է ամբարվում։ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով։ Բայց, միևնույն է, այն 16 սմ–ով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Աննախադեպ ծավալի ջուր Հայաստանի ջրամբարներում։  

1935-ից ի վեր այս տարվա գարունը ամենախոնավն էր ու ամենատեղումնառատը՝ ասում են մասնագետները։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյան․

«Գարնանային վարարումների հոսքի ծավալները հատկապես բարձր էին Հրազդան, Արփա, Վեդի, Ձկնագետ, Որոտան գետի ավազաններում՝ կազմելով նորմայի մինչև 170 %-ը, իսկ Արփфա,Արենի գետերում նորմայից բարձր է եղել` կազմելով նորմայի 250 %-ը։ Հունիս ամսին բոլոր գետերում ջրի միջին ամսական ելքերը գերազանցել են նորման»։

Սևանա լճի մակարդակն էլ այս տարի բարձրացել է։ Թեև վերջին մեկ շաբաթում այն փոքր-ինչ նվազել է, միևնույն է, ավելի բարձր է քան 2025-ի այս օրերին։ Վերջին տարիների խոշորագույն հիդրոկառույցներից մեկի՝ Վեդիի ջարմբարի շինարարությունն ավարտված է։ Օրերս կառավարությունը 650 մլն դրամ հատկացրեց, որի զգալի մասը կապալառուին կվճարվի հետավարատական երաշխիքի ու խորհրդատվության համար։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան․ «Փորձարկել ենք և՛ ջրալցման, և՛ ջրաթափման համակարգերը։ Վթարային ջրաթափման համակարգը նույնպես փորձարկված է»։

Վեդիի ջրամբարի շինարարության ընդհանուր արժեքը 90 մլն եվրո է։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն խոր․ մ է։ Շահագործումից հետո ջրամբարը ապահովելու է Արարատյան դաշտի 11 բնակավայրերի շուրջ 3․220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը ինքնահոս եղանակով։ Այդպիսով տարեկան շուրջ 19 մլն. կվտ/ժ էլեկտրաէներգիա կտնտեսվի։ Միաժամանակ ոռոգման ցանցում 20-25 %-ով կկրճատվի ջրի կորուստը։

Պատասխանատուները վստահեցնում են, որ փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանց կկառուցվի, որի շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաներ (կաթիլային ոռոգում) կիրառել։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․ «Այո, Հայաստանում ջրամբարներ են կառուցվել ժամանակին, շատ մեծ, շատ բարդ ջրամբարներ են կառուցվել: Բայց ցանկացած գիտելիք և հմտություն, որը չի օգտագործվում, ինքը մոռացվում է, էս՝ մեկ: Եվ երկրորդն էլ՝ էն հին գիտելիքը, էն ժամանակվա մոռացվում է, տեխնոլոգիան էլ է առաջ գնում, և երբ որ դու x կետից սկսում ես վերադառնալ, թարմացնել քո ունեցած գիտելիքը, նույնիսկ 100 %-ով թարմացնում ես, տեսնում ես՝ արդեն այդ գիտելիքը հնացած է, պետք է սովորել նոր բան»:

Վեդիի ջրամբարի ջրի կուտակումն ըստ նախատեսվածի է ընթանում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանում է՝ եթե ջրամբարը չի լցվում այս պահին, ապա միայն այն պատճառով, որ գյուղատնտեսության համար ոռոգման ծանր շրջան է՝ ջուրն օգտագործվում է ոռոգման համար․

«Ֆրանսիական ինժեներական կազմակերպությունը, որը և՛ կառուցման ընթացքում, և՛ մինչև ջրամբարի լրիվ լցվածության հասնելը պետք է շարունակի այնտեղ մեր կողքին լինել և հետևել բոլոր տեխնոլոգիական և ինժեներական ցուցանիշների պահպանմանը, տվել է իր համաձայնությունը հերթական, որ շարունակի ջրամբարը լցվել մինչև 20 մլն խոր մ-ը: Հաջորդ ստուգումը լինելու է 20 մլն խորմ-ի նիշի վրա, որը արդեն տեղի կունենա 2027 թվականի ընթացքում: Եվ եթե 2027 թվականն էլ լինի ջրով առատ տարի, ինչպես 2026-ն է եղել, ապա մենք ակնկալում ենք, որ 2027 թվականի ավարտին ջրամբարը կհասնի իր լրիվ լցվածության՝ 30 մլն խոր մ ծավալին»։

Մեկ այլ ծրագրի՝ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի կառուցման ճակատագիրը դեռ անորոշ է։ Անցած տարեվերջին դադարեցվեց ջրամբարի շինարարությունը։ Դա  լայնածավալ ծրագիր էր, որի իրականացման համար կառավարությունը անգամ հարակից Ջրաձոր գյուղը տեղափոխելու որոշում ընդունեց։ Նոր գյուղը, ըստ նախագծի, լինելու է տիպային բնակավայր։ Նոր ջրամբարի տարողությունը 60 մլն խոր․ մ է՝ ըստ նախագծի։

Տարին ջրառատ է, և Հայաստանի բոլոր ջրամբարները լցված են։ Բայց մասնագետներն ասում են, որ միայն ջրի առկայությունը դեռ բավարար չէ ջուրը նպատակակետին հասցնելու համար։ ՀԱԱՀ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է, որ 1,5 մլրդ խոր․ մ ջուրը լիովին բավական է ոռոգումն ապահովելու համար։ Այնուամենայնիվ, ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծանում է գոլորշիացումը, իսկ դա նվազեցնում է ոռոգման արդյունավետությունը։

Հետևաբար, ոռոգելի մակերեսները կրկնակի ավելանալու են։ Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ այստեղ առանցքային է ոռոգման ամբողջ համակարգի կարգավորումը՝ ներտնտեսային ցանցերից մինչև մայր ջրանցքների մաքրում։ Մասնագետը նշում է՝ ոռոգման համակարգի գլխավոր խնդիրը ջրի արդյունավետ կառավարումն է, քանի որ հողատարածքները մասնատված են և մեծ քանակությամբ ջուր են կլանում, ինչի պատճառով ջրի կորուստը զգալի է դառնում։ Նույնիսկ ջրամբարների լիարժեք լցվածության պարագայում անհնար է ոռոգման ջուրն ամբողջությամբ հասցնել հողագործին։ Բացի այդ՝ առկա են նաև այլ խնդիրներ.

«Ջրաղբյուրները ջրամբարներն են, մասամբ՝ նաև ստորերկրյա ջրերը։ Ջրամբարներից ջրառ իրականացնելիս առաջանում է ջրի մաքրման անհրաժեշտություն»։

Հայաստանում ոռոգումը 95 տոկոսով կատարվում է բաց համակարգով, ուստի, ըստ մասնագետի, համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է անցում կատարել փակ համակարգի։

Leave a Comment