Խորհրդարանն օգոստոսի 10-ին քննարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Վիլեն Գաբրիելյանի կենսագրությունն ու գործունեությունը։
Ելույթ ունենալով՝ Վիլեն Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ այդ կարևոր պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։
Թեկնածուն անդրադարձել է հանձնաժողովի ապագա աշխատանքին՝ նշելով, որ հանձնաժողովը պետք է դառնա խորհրդարանական հարթակ, որտեղ համադրվում են պետական մարմինների փորձը, գիտակրթական հաստատությունների և մասնագիտական հանրույթի գիտելիքը, տեխնոլոգիական և մասնավոր հատվածի ներուժը, կազմակերպված հասարակության առաջարկներն ու հանրային կարևոր մտահոգությունները։