ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկել է խորհրդարանում ձևավորել 12 մշտական հանձնաժողով։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմավորմանը վերաբերող որոշման նախագիծը ներկայացրեց իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նախագծով առաջարկվել է անփոփոխ թողնել ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայիս կառուցվածքը և սահմանել 12 մշտական հանձնաժողով:
«Միաժամանակ նախատեսվում է փոխել հանձնաժողովների անդամների առավելագույն թիվը։ Հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով խորհրդարանում ներկայացված խմբակցությունների պատգամավորների թվի հարաբերակցությունը՝ առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների առավելագույն թիվը սահմանել 8. 5–ը՝ ՔՊ–ի, 2–ը «Ուժեղ Հայաստան»–ի, իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությանը»,– ասաց Ջուլհակյանը։
Նա նաև պարզաբանեց, որ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ առանձին հանձնաժողովներում անդամների թիվը կարող է հասնել մինչև 10-ի։
Այդուհանդերձ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կարծիք հայտնեց, որ 12 հանձնաժողով ունենալը չափազանց շատ է և լրացուցիչ բեռ է ստեղծում ՀՀ պետական բյուջեի համար։ Ընդդիմադիր պատգամավորը բավարար է համարել Ազգային ժողովում ընդամենը 6 հանձնաժողովի գործունեությունը։
«Ուսումնասիրել եմ նախորդ գումարման ԱԺ գրեթե բոլոր արձանագրությունները և տեսել, որ կա հանձնաժողով, որը 5 տարվա ընթացքում ունեցել է ընդամենը մեկ արձանագրություն։ Օրինակ՝ Եվրոպական ինտեգրման, Եվրասիական ու տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովները և այլն, գրեթե ծանրաբեռնվածություն չեն ունեցել։ Եթե 12–ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի մասով 5 տարում 500 հազար դոլարի խնայողություն կանենք»,– ասացՂազարյանը։
Նա հիշեցրեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված է մինչև 12 հանձնաժողով ունենալու հնարավորություն, և 12 հանձնաժողովի առկայությունը պարտադիր պահանջ չէ։
Նախագիծը քվեարկության դրվեց և ընդունվեց՝ ստանալով 60 կողմ ու 15 ձեռնպահ ձայն։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրեց նաև պատգամավորական էթիկային վերաբերող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նախագիծ։ Այն ևս ներկայացրեց Արուսյակ Ջուլհակյանը։
Նախագծի համաձայն՝ առաջարկվել է ստեղծել 10 անդամից կազմված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որի գործունեության ժամկետը նախատեսվել է երկու տարի։
«Հանձնաժողովի 10 անդամներից 5-ին նշանակելու իրավունքն առաջարկվելու է վերապահել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 3-ին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ 2-ին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը:
Առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի առաջին նախագահի իրավունքը վերապահել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի առաջին տեղակալին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը:
Առաջարկվում է առաջին 6-րդ ամսվա ավարտից հետո ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
Երկրորդ 6-րդ ամսվա ավարտից հետո առաջարկվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալ նշանակելու իրավունքը՝ «Հայաստան» խմբակցությանը:
Երրորդ 6-րդ ամսվա ավարտից հետո էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել «Հայաստան» խմբակցությանը, իսկ նախագահի տեղակալ նշանակելու իրավունքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց նա:
Արուսյակ Ջուլհակյանը նաև նշեց, որ էթիկայի նորմերի խախտումների դեպքերը հիմնականում պետք է նվազագույնի հասցվեն հանրային պարսավանքի ինստիտուտի միջոցով, այլ ոչ թե պատժամիջոցների կիրառմամբ։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված որոշ սանկցիաներ հիմա ունենք, թե վարքագծի կանոնների խախտման ինչ սանկցիաներ կարող են նախատեսվել, բայց կարևորագույն սանկցիան իմ կարծիքով հանրային պարսավանքի ինստիտուտն է»,- ասաց Ջուլհակյանը: