Ծառուկյանը ՔԿՀ-ից խոսել է բարեգործության դերի մասին – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել՝ անդրադառնալով բարեգործության դերին և դրա շուրջ վերջին շրջանում հնչող գնահատականներին։

«Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ՝ բարեգործությամբ երկիր չես պահի։ Երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, նոր տնտեսական հզորություններով, առողջ տնտեսական միջավայրերով և կառավարման էֆեկտիվ համակարգերով»,- հայտարարել է Ծառուկյանը։

Միաժամանակ նա նշել է, որ բարեգործության միջոցով հնարավոր է աջակցել հազարավոր մարդկանց, նպաստել մշակույթի, գիտության, կրթության և սպորտի զարգացմանը, ֆինանսավորել կրթական ու մշակութային ծրագրեր, եկեղեցիների կառուցում և այլ նախաձեռնություններ։

Ծառուկյանը հիշատակել է հայ բարերարներ Ալեքսանդր Մանթաշյանցին, Քըրք Քըրքորյանին և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Նրա խոսքով՝ Կարապետյանը «առանց բարձրաձայնելու, Հայաստանում և Արցախում արել է աննկարագրելի ծավալի բարեգործություն»։

ԲՀԿ առաջնորդն այս համատեքստում անդրադարձել է նաև իր բարեգործական գործունեությանը՝ նշելով, որ տարիներ առաջ որոշել է փոխել այն մոտեցումը, ըստ որի՝ հիմնականում Սփյուռքն է աջակցում Հայաստանին։

«Երկար տարիներ ինձ մի միտք էր տանջում․ ինչո՞ւ պետք է միշտ միայն Սփյուռքը օգնի Հայաստանին։ Մենք ունենք հայկական աշխարհ, և եթե աշխարհի տարբեր հատվածներում հայերը ժամանակ առ ժամանակ ունենում են օգնության կարիք, ինչո՞ւ Հայաստանից էլ որևէ մեկը օգնության ձեռք չմեկնի»,- նշել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ այդ մոտեցմամբ աջակցություն է ցուցաբերել պատերազմի հետևանքով դժվարությունների բախված Սիրիայի հայերին, Լիբանանի և Իրանի հայ համայնքներին, Մերձավոր Արևելքի այլ երկրների հայկական համայնքներին, ինչպես նաև տարբեր երկրներում ֆինանսական խնդիրներ ունեցող հայկական դպրոցներին, վարժարաններին և եկեղեցիներին։

«Հայկական աշխարհի միասնականությունը նաև նման քայլերով է ստեղծվում և ամրապնդվում, երբ աշխարհի ցանկացած ծայրում դժվարության հանդիպած հայը ստանում է հայրենիքի հայի աջակցությունը»,- ընդգծել է նա։

Ծառուկյանը շեշտել է, որ բարեգործությունը, իր գնահատմամբ, կապված չէ տրամադրվող գումարի չափի հետ և պետք է նպաստի միմյանց աջակցող հասարակության ձևավորմանը։

«Ես տարբեր առիթներով ասել եմ, որ չի լինում մենակի երջանկություն։ Պարզապես չի կարելի ապրել խոզի նման, մտածել միայն սեփական շահի մասին ու անտարբեր լինել քո երկրի, քո ժողովրդի հոգսերի հանդեպ»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։

Նա պատմել է, որ մեծացել է համեստ պայմաններում ապրող ընտանիքում և դեռ մանկուց տեսել է, թե ինչպես է մայրը «հացի մի կտորը միշտ առանձնացնում ավելի վատ ապրողների համար»։

«Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին։ Իմ որդիները, վստահաբար, կանեն նույնը»,- նշել է Ծառուկյանը։

Ուղերձի վերջում նա բարեգործությունը բնորոշել է որպես «բարի մտադրություն՝ հանուն երկրի, հանուն ժողովրդի ապագայի»՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունների խրախուսումն անհրաժեշտ է հասարակության մեջ մթնոլորտը փոխելու համար։

«Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար։ Սրա հակառակը պառակտումն է և թշնամանքը, որը Հայաստանի համար կործանարար է»,- եզրափակել է Ծառուկյանը։

Հուլիսի 7-ին դատարանը Ծառուկյանին երկու ամսով կալանավորել էր առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման վարույթի շրջանակում։ Իրավապահների գործողություններից հետո նրա հետ կապվող բազմաթիվ ձեռնարկություններ կապարակնքվել էին։

Փակված ձեռնարկությունների աշխատակիցները հուլիսի 13-ից պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը։ Ակցիաներին մասնակցել են «Մուլտի Սթոուն», «Մուլտի Տաբակ», «Մուլտի Գրանդ», «Մուլտի Ռեստ Հաուս», «Օլիմպավան», Euro Motors և այլ ընկերությունների աշխատակիցներ։

Աշխատակիցների բողոքի ակցիայից հետո «Արարատցեմենտը» հուլիսի 10-ին վերսկսել էր արտադրական գործընթացը։ Հուլիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը Գլխավոր դատախազության միջնորդությամբ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնել էր Հայաստանի Հանրապետությանը։

Leave a Comment